երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Մրցույթը Հայաստանում անցկացնելը բավականին դրական է ազդում մեր երկրի վարկանիշի վրա․ «Միսս ԱՊՀ 2022» միջազգային մրցույթի տնօրեն

Մրցույթը Հայաստանում անցկացնելը բավականին դրական է ազդում մեր երկրի վարկանիշի վրա․ «Միսս ԱՊՀ 2022» միջազգային մրցույթի տնօրեն

Վաղը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «Միսս ԱՊՀ 2022» գեղեցկության միջազգային մրցույթը: Երեկոն վարելու են Ավետ Բարսեղյանն ու Եկատերինա Գուսևան։ Վերջինս Ռուսաստանից ժամանել է Հայաստան հատուկ այս միջոցառումը վարելու համար։ Շոուի հատուկ հյուրն է երգչուհի Իվետա Մուկուչյանը։

Հունիսի 3-ից ԱՊՀ 15 երկրից 23  աղջիկ արդեն Հայաստանում է։ Չնայած շատերը հասցրել են ընկերանալ` բոլորի երազանքն այս պահին մեկն է` Թագը։ Թե ով կդառնա թագակիր, կորոշի պրոֆեսիոնալ ժյուրին։ Ժյուրիի կազմում ընդգրկված են մասնագետներ Հայաստանից և արտերկրից։ Նրանց անունները կհրապարակվեն մրցույթի օրը։ Գեղեցկուհիները կունենան 3 ելույթ` երեկոյան զգեստով, ազգային տարազով և բոդիով` համադրված հայկական զարդերով։

«Մեզ համար մեծ պատիվ է դառնալ «Միսս ԱՊՀ 2022» միջազգային մրցույթը հյուրընկալող երկիրը։ Սա հրաշալի առիթ է Հայաստանի անունը ևս մեկ անգամ բարձրացնելու համար։  Աղջիկների հետ ճանաչողական էքսկուրսիաներ ենք անցկացնում, պատմում մեր երկրի մասին։ Նմանատիպ միջոցառումները կենտրոնացնելով Հայաստանում` մենք մեծապես նպաստում ենք նաև տուրիզմի զարգացմանը։ Մրցույթը հյուրընկալել է մասնագետների, մոդելային գործակալությունների ղեկավարների տարբեր երկրներից, որոնց ևս ներկայացնում ենք Հայաստանը»,- ասաց մրցույթի հիմնադիր Նաիրի Մնացականյանը։

Մրցույթի տնօրեն Ռուբինա Գրիգորյանն էլ նկատեց, որ նման մասշտաբի միջոցառումը մեր երկրում կազմակերպելը խթանում է Հայաստանում Գեղեցկության ոլորտի զարգացմանը. «Միջազգային մրցույթը Հայաստանում անցկացնելը բավականին դրական է ազդում մեր երկրի վարկանիշի վրա։ Այս օրերին աղջիկներն անցել են դեֆիլեի դասեր, լավագույնս պատրաստվել մրցույթին։ Հունիսի 17-ին Երևանում սպասվում է Գեղեցկության տոն»։

«Միսս ԱՊՀ 2022» հասարակայնության հետ կապերի բաժնից նշում են, որ միջոցառման տոմսերը ներկայացված են նաև բաց վաճառքի։ 

  • Կիսվել: