հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ը պատվաստանյութ գնելու պայմանագրեր են ստորագրում Pfizer եւ BioNTech ընկերությունների հետ

Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ը պատվաստանյութ գնելու պայմանագրեր են ստորագրում Pfizer եւ BioNTech ընկերությունների հետ

Մեծ Բրիտանիան Pfizer եւ BioNTech ընկերությունների հետ կնքել է 30 միլիոն չափաբաժին պատվաստանյութ գնելու մասին պայմանագիր: Պայմանագիր է Լոնդոնը կնքել նաեւ ֆրանսիական Վալներա ընկերության հետ, որից կստանա եւս 60 միլիոն չափաբաժին: Առաջին հաջող արդյունքներից հետո կգնի եւս 40 միլիոն, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

Ավելի վաղ հայտարարվել էր AstraZeneca-ից 100 միլիոն չափաբաժին ստանալու շուրջ կնքված պայմանագրի մասին:

Կովիդ 19 հիվանդության դեմ դեռեւս չկա հաստատված որեւէ պատվաստանյութ, եւ փորձագետներն ասում են, որ իրենց հույսն այս հիվանդության դեմ պայքարում միայն պատվաստանյութն է:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա այն մոտ 2 միլիարդ դոլար է հատկացնելու Pfizer եւ գերմանական BioNTech ընկերություններից պատվաստանյութ գնելու համար: Յուրաքանչյուր պատվաստում, որը հավանաբար կազմված կլինի երկու ներարկումներից, մոտավոր հաշվարկով արժենալու է 39 դոլար: Նշված ընկերությունները պետական գումարներ չեն ստանա, քանի դեռ պատվաստանյութը չի տվել դրական արդյունք կլինիկական լայնածավալ փորձերի ընթացքում: Մինչեւ 500 միլիոն չափաբաժին պատվիրելու դեպքում Pfizer-ը հավելյալ բանակցություններ կվարի գնի շուրջ:

Վաղ փորձարկումների փուլում այս պատվաստանյութը ցույց է տվել դրական արդյունք, մարդու օրգանիզմում արտադրվել է կորոնավիրուսի դեմ պայքարող հակամարմին:

Pfizer-ից գնումներ կատարելու մասին հայտարարությունները դրամական շուկայում այս ընկերության արժեթղթերի գինը բարձրացրել են հինգ տոկոսով:

  • Կիսվել: