Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան
Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը խոսել է դեպի Օման հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման մասին։
Արարատ Միրզոյանը թեմային անդրադարձել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության հրապարակած տեսանյութում։
«Օմանում մեր դեսպանությունը հարաբերականորեն նոր է․ գուցե, հիշեք, այս տարվա մարտին տեղի ունեցավ պաշտոնական բացումը, և ահա այդ պահից ակտիվ ջանքեր են գործադրվել տնտեսական կապերի հաստատման ուղղությամբ, և այս տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից Օման է արտահանվել ծիրան, կեռաս, դեղձ, նեկտարին և ելակ՝թեև, իհարկե, փոքր ու փորձնական խմբաքանակներով, բայց այդ ապրանքները վաճառվել են Օմանի «Լուլու» հիպերմարկետների ցանցում և «Սուհոլ Ալ Ֆահյա» սուպերմարկետների ցանցում։ Շատ հատկանշական է, որ այդ ապրանքները մատուցվել են և վաճառվել են բարձր որակի սեգմենտի ապրանքների ցանկում։ Եվ հիմա արդեն Օմանից են ընկերություններ այցելում Հայաստան, կապեր են հաստատվում, պայմանագրեր են կնքվում, և կարող ենք հաստատ ասել, որ արտահանումը կմեծանա, կարտահանվեն հատապտուղներ, մրգեր, խնձոր, խաղող։ Սա շատ ուրախալի փաստ է, և նշեմ նաև, որ, իհարկե, Օմանը միակը չէ հայաստնայան ընկերությունների համար բացվող նոր շուկաների շարքում»,- եզրափակել է ՀՀ ԱԳՄԱ նախարարը։



