շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մեր ընտանիքը հանձնառություն է ստանձնում վեց ամսով օթևան տրամադրել Արցախից տեղահանված 10 ընտանիքների. Չալաբյան

Մեր ընտանիքը հանձնառություն է ստանձնում վեց ամսով օթևան տրամադրել Արցախից տեղահանված 10 ընտանիքների. Չալաբյան

Հասարակական-քաղաքական գործիչ  Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի բարեկամներ, մեր ժողովրդի նկատմամբ գործած անթաքույց ցեղասպանության հետևանքով, այսօր Արցախի մեր բազմահազար քույրերը և եղբայրները, հերոսական բայց անհավասար պայքարից հետո, ողջ աշխարհի լուռ հայացքի ներքո, ստիպված են ևս մեկ անգամ տեղահանվել իրենց հայրենիքից և տարհանվել Հայաստանի այլ մարզեր, սեփական տներ վերադարձի անորոշ հեռանկարով։
 
Մենք, որպես հայ մարդիկ, այս ողբերգական օրերին պարտավոր ենք գործել որպես մեկ ընտանիք և նեցուկ կանգնել մեր տառապյալ քույրերին և եղբայրներին՝ կլինի օթևան, առաջին անհրաժեշտության իրեր, սնունդ, աշխատանք, երեխաների համար կրթություն, թե ցանկացած այլ կրիտիկական կարիք։ Միայն այդ կերպ մենք կարող ենք մեղմել նրանց ցավը և անհուն կորուստների վիշտը և հույս տալ նրանց նոր կյանքի։
 
Մեր ընտանիքը, որպես առաջին քայլ, այսօր հանձնառություն է ստանձնում վեց ամսով ժամանակավոր օթևան տրամադրել Արցախից տեղահանված 10 ընտանիքների՝ Վայոց ձորի մարզի տարբեր գյուղական համայնքներում։ Մեր ընտանիքը համագործակցում է Վայքում գործող Արշակունի ՀԿ-ի հետ, որը կկազմակերպի ժամանող ընտանիքների ընդունելությունը և տեղավորումը։ ՀԿ տնօրեն Արտավազդ Վարդանյանի հետ կարելի է կապվել 094 810 111 հեռախոսահամարով։
 
Այս հեռախոսը կարող եք փոխանցել բոլոր նրանց, ովքեր աջակցության կարիք ունեն։ Հորդորում եմ նաև ձեզնից յուրաքանչյուրին՝ այս դժվարին օրերին ձեր հնարավորությունների սահմաններում օգնության ձեռք մեկնել մեր քույրերին և եղբայրներին։ Աստված պահապան մեր ժողովրդին և բոլոր գթասիրտ հոգիներին»։

  • Կիսվել: