չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Մեր տեսլականն է՝ եթե մեր ժողովուրդն ընտրում է  ղեկավար, կաշխատենք այդ ղեկավարի հետ. Նարեկ Կարապետյան

Մեր տեսլականն է՝ եթե մեր ժողովուրդն ընտրում է ղեկավար, կաշխատենք այդ ղեկավարի հետ. Նարեկ Կարապետյան

Եթե դիրքորոշում ես արտահայտում, պետք է հասկանաս ողջ պատասխանատվությունը. Մենք պատրաստ ենք բոլոր զարգացումներին։ Այս մասին այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Տաշիր գրուպ» ընկերությունների խմբի նախագահ, անվանի բարերար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը։

Նա նշեց, որ իրենց հնչեցրած դիրքորոշումն ավելի շատ մարդկանց ճիշտ  ուղու վրա դնելու դիրքորոշում էր։

«Որևէ քաղաքական ուղի չէ մերը, մենք ինչ ունենք այս պահին՝ թող հանգիստ թողնեն մեր եկեղեցուն, թող պետական կառավարիչները զբաղվեն պետության  էֆեկտիվ կառավարմամբ, իսկ եկեղեցական գործիչները զբաղվեն իրենց հոտի հոգևոր կարիքներով»,- ասաց Ն.Կարապետյանը։

Նա նշեց, որ հայ ժողովրդի մեծամասնությունն ապրում է  Հայաստանից դուրս, Հայաստանից դուրս ապրող հայերը ևս հայ են ու երբեմն շատ ավելի մոտիվացված, իրենք էլ ունեն կարծիք իրենց հայրենիքի մասին։

Ըստ Ն. Կարապետյանի, տարօրինակ է, որ եկեղեցական ամուր հիմքեր ունեցող երկրի  ղեկավարը կարող է  նման բացասական վերաբերմունք ունենալ իր երկրի հիմնական ինստիտուտներից մեկի նկատմամբ։

Լրագրողի հարցին՝ միայն Սամվել Կարապետյանի վերջին հայտարարությո՞ւն էր այս ամենի պատճառը, թե այլ հիմքեր կան, միաժամանակ հիշեցնելով, որ  Կարապետյանների հարաբերությունները վատ չեն եղել Նիկոլ Փաշինյանի հետ, ընդդիմացող քայլեր չեն եղել, Նարեկ Կարապետյանն ասաց. «Մենք մի տեսլական ունենք՝ եթե մեր ժողովուրդն ընտրում է  ղեկավար, կաշխատենք այդ ղեկավարի հետ, կփորձենք մեր երկրին դրական արդյունք տալ։ Միշտ աշխատել ենք այդպես ու երբեք խնդիր  չի եղել»։

  • Կիսվել: