Մեր «Շտապօգնության» աշխատողների աշխատավարձերի բարձրացումն ի՞նչ եղավ. Ավինյան
Երևանում փետրվարին շտաբուժօգնության ծառայության կողմից արձանագրվել է 135 վթար–վրաերթ, տուժել է 99 քաղաքացի, մահ չունենք, կանչերի ընդհանուր թիվը կազմել է 20 524, որը նվազել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 4940-ով։ Այս մասին, այսօր՝ մարտի 16–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը։
«Փետրվարի ընթացքում պատասխան է տրվել 40708 զանգի, ունեցել ենք ընդամենը միայն մեկ դիմում-բողոք, կապված այն հանգամանքի հետ, որ բուժառուի հարազատները ուզեցել են հոսպիտալիզացիա, սակայն իրավիճակը ցուցված չի եղել ստացիոնար բուժման համար և խորհուրդ է տրվել դիմել առաջնային կենտրոն։
Երևան քաղաքում ծնվել է 1342 երեխա, 667 տղա, 675 աղջիկ, արձանագրվել է 579 մահ։
Առաջնային առողջության պահպանման կենտրոններում հաճախումների թիվը փետրվար ամսին կազմել է 216892, որը նախորդ ամսվա համեմատ 6866-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 49246-ով ավել է։ Սա պայմանավորված է 2026 թվականի հունվարի մեկից համընդհանուր ապահովագրության ներդրման հետ, որի արդյունքում առաջնային կենտրոններում և ինչպես նաև բժշկական կենտրոններում բուժաշխատողները գերծանրաբռնված գրաֆիկով են աշխատում, ինչի պատճառով նաև շատ ժամանակ զբաղված են լինում հեռախոսահամարները։
Դրա համար մենք առաջնային առողջության պահպանման կենտրոններում դրել ենք նաև հետադարձ զանգի սկզբունքը և աշխատանքային օրվա ընթացքում արձանագրված, չպատասխանված զանգերի դեպքում կատարվում է հետադարձ զանգ»,–ասաց նա։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց. «Մեր շտաբօգնության աշխատավարձերի բարձրացումը ի՞նչ եղավ»։
Ի պատասխան Կարապետյանն ասաց. «Մեր առողջապահության նախարարության կոլեգաների հայտարարությամբ մարտի մեկից բարձրացված է, դեռևս փաստացի չենք տեսել, աշխատանքներ են տարվում, որովհետև կոլեկտիվներն էլ են սպասում, կարծում եմ՝ մինչև մարտի վերջ ֆինանսական ցուցանիշները ամփոփելուց կստանանք»։



