ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Մեր հեռուստատեսությունը լիարժեքորեն հասել է իր ամենակարևոր որակին՝ խոսքի ազատությանն ու գրաքննության մերժմանը. Վահագն Խաչատուրյանի ուղերձը

Մեր հեռուստատեսությունը լիարժեքորեն հասել է իր ամենակարևոր որակին՝ խոսքի ազատությանն ու գրաքննության մերժմանը. Վահագն Խաչատուրյանի ուղերձը

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հեռուստատեսության աշխատողի օրվա կապակցությամբ:
 
«Հայկական հեռուստատեսության սիրելի աշխատակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ հեռուստատեսության աշխատողի օրվա կապակցությամբ: 1956 թվականի նոյեմբերի 29-ին հանրային հեռուստատեսության եթերի մեկնարկը շրջադարձային իրադարձություն էր հայ հասարակության կյանքում ժամանակակից աշխարհի փոփոխություններին համընթաց քայլելու համար:
 
Հեռուստատեսությունն ամբողջ աշխարհում նորանոր հորիզոններ էր բացում արվեստի բոլոր ուղղությունների, լրագրության, քաղաքականության և հասարակությունների զարգացման նորահայտ ուղղությունների համար:
 
Շուրջ 7 տասնամյակ հայկական հեռուստատեսությունն անցել է կայացման բարդ ճանապարհ, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, գրաքննություն, գաղափարախոսական կապանքներ և բյուրոկրատական պարտադրանքներ և այս ամենի արդյունքում ներկայումս մեր հեռուստատեսությունը լիարժեքորեն հասել է իր ամենակարևոր որակին՝ խոսքի ազատությանն ու գրաքննության մերժմանը:
 
Հայկական հեռուստատեսության նվաճումների ու ձեռքբերումների ցանկը շատ երկար է և այսօր մենք պետք է գնահատենք ու արժանին մատուցենք հեռուստատեսության բոլոր ժամանակների աշխատողներին, բոլոր նրանց,
ովքեր կանգնած են եղել այդ ձեռքբերումների ու զարգացման հիմքում:
 
Հայկական հեռուստատեսության սիրելի աշխատակիցներ,
 
Կրկին շնորհավորում եմ ձեզ և մաղթում նորանոր մասնագիտական հաջողություններ, քաջառողջություն և անձնական երջանկություն»։

  • Կիսվել: