հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մեր դասարանի լեյտենանտ Տիկոն կամ երկար ոտքերով հերոսը հասավ երկնքին

Մեր դասարանի լեյտենանտ Տիկոն կամ երկար ոտքերով հերոսը հասավ երկնքին

2011 թվականին Բակունցում եռուզեռ էր... ՀՊՄՀ֊ի վարժարանի լրագրության կուրսի աշակերտներն էին ծանոթանում։ 

Առաջին հայացքից բոլորս նույն հասակի էինք ու իրար նման, բայց մի տղա տարբերվում էր. երկար ոտքեր ուներ, որոնք մի օր նրան պիտի երկինք հասցնեին։ Մեր դասարանի Տիկոն էր. նստել էր ամենավերջին նստարանին, բայց ոտքերը մի քանի նստարան առաջ էին ձգվել։ Այդ ժամանակ մեր գլխավոր խնդիրն իրար ճանաչելն էր. բոլորից լավ բոլորին հենց Տիկոն ճանաչեց։ Միանգամից ասում էր, թե ով ինչպիսինն է։

Ինձ չեզոք հանրապետություն էր անվանել, ով չի խառնվում մյուս պետությունների գործերին։ Երևի իսկապես չեզոք էի, բայց... երանի այդ չեզոք հանրապետությունը կարողանար խաղաղություն բերել մեր դասարանի Տիկոյի հայրենիքին։ Բայց պետություններն անզոր են դառնում, երբ երկար ոտքերը մի օր որոշում են հասնել երկնքին։ Տիկոյի հետ մենք մանկացանք, պատանեկացանք, ծիծաղեցինք, լրջացանք, հայրենիքի պատմության դասը սովորեցինք... Երբ ընկեր Մարգարյանը մեզ Ավարայրի ճակատարամարտի մասին պատմեց, չեմ հիշում, թե մեզնից ով այդ պահին ինչ էր անում կամ ինչի մասին մտածում, բայց մեզնից մեկը հաստատ ուշադիր լսում էր։ Այնքան ուշադիր, որ սիրահարվեց իր հայրենիքին։

Դարեր անց կրկին Ավարայր եղավ. Արցախի ճակատում երիտասարդների արյուն էր եռռում, հայրենի հողն իր տղեքի արյամբ էր հարստանում... նրանց մեջ էր նաև այն տղան, ով դասարանում երբեք գերազանցիկ չեղավ, բայց ընկեր Մարգարյանին երևի շատ ուշադիր էր լսել. հայոց պատմությանը, հայրենիքի պատմությանը նա լավ էր ծանոթ ու նոր պատմության էջերում իր ձեռքով գրեց իր հերոսական անունը։ Այդ տղան մեր դասարանի Տիկոն էր... Երկար ոտքերով տղան, ով, ինչպես Վարդան Մամիկոնյանն էր պատգամել, մահն ընդունեց ուրախ սրտով, իր արիության և քաջության մեջ վախկոտություն չխառնեց ու այս նոր Ավարայրում նրա ոտքերն ավելի երկարեցին, երկարեցին այնքան մինչև հասցրին նրան երկինք...

Մի տեղ, որտեղ իր պես գերազանցիկներն են ապրում։ Մի տեղ, որտեղից Տիկոն հետևում է մեզ՝ իր դասընկերներին ու ապացուցում, որ հայրենիքը դասագրքերով չեն սիրում, որ Ավարայրներ հիմա էլ են լինում, որ հայրենյաց իսկական տերերը հասնում են երկնքին ու այնտեղից ամուր գրկում դեպի երկիր ձգված իրենց հարազատ հողը... Փա՛ռք քեզ իմ դասընկեր, փա՛ռք քեզ Տիգրան Միկոյան։ Պատիվ ունեմ կյանքիս լավագույն դպրոցական տարիները քեզ հետ նույն դասասենյակում կիսած լինել։

Անուշ Մնացականյան

  • Կիսվել: