կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մեքսիկայի սահմանն անօրինական հատեցինք՝ դժոխքի միջով դեպի «դրախտ»

Մեքսիկայի սահմանն անօրինական հատեցինք՝ դժոխքի միջով դեպի «դրախտ»

Բավականին բարդացել է Հայաստանից արտագաղթելը` տարբեր երկրներ քովիդի պատճառով խիստ բարդացրել են մուտքի արտոնագրերի տրամադրումը, իսկ ԱՄՆ դեսպանատանը հարցազրույցի մասնակցելու համար մի քանի տարվա հերթագրում կա, այնպես որ, անգամ գրին քարտ շահածները չեն հրավիրվում, եւ վերջիններս, մտավախություն ունենալով, որ քարտի գործողության ժամկետում` մինչեւ սեպտեմբեր, չեն հասցնելու մտնել դեսպանատուն, վերջերս բողոքի ակցիա էին անում:

Այսինքն, որքան բարդանում են օրինական ճանապարհով արտագաղթելու հնարավորությունները, այնքան հնարամիտ են դառնում փախստականները եւ նորանոր ուղիներ են գտնում` Հայաստանը լքելու համար: Նաեւ ավելի մեծ ստվերային գումարներ են շրջանառվում այս գործում:

՛՛Հրապարակն՛՛ արդեն գրել է, որ արտերկիր, հատկապես` ԱՄՆ տեղափոխվելու նոր ուղի են հայտնաբերել Հայաստանից փախչող հայերը` Մեքսիկայի միջոցով: Երկիր, որը միշտ ապօրինի միգրանտների ներթափանցման ուղի է եղել ԱՄՆ-ի համար, սակայն այդ ճանապարհից, որպես կանոն, օգտվում են հարավամերիկյան կամ աֆրիկյան երկրներից եկող միգրանտները: Հայերը, որպես կանոն, ԱՄՆ մեկնել են ավելի քաղաքակիրթ ճանապարհներով` հյուր գնալու, տարբեր խմբերի կազմում մուտքի արտոնագիր ստանալու եւ չվերադառնալու ճանապարհով: Հիմա գնում են Մեքսիկայով:

Կայքին հաջողվեց այդ ճանապարհով ԱՄՆ-ում հայտնված հայազգի մի երիտասարդի հետ զրուցել, ով մանրամասն պատմեց, թե ինչպես է հաղթահարել պանդխտության այդ ուղին: Նախ, դրա համար ծախսել է 20 հազար դոլարից ավելի գումար` տվել է միջնորդներին, որոնք ստանձնել են սահմանն անցկացնելու գործը գլուխ բերել: Վերցրել է ընդամենը 5 կիլոգրամ քաշով պայուսակ` ամենաանհրաժեշտ իրերով: Երբ հասել են Մեքսիկա, մարդկանց ԱՄՆ փոխադրելու եկամտաբեր բիզնեսով զբաղվողները հանդիպման ժամ են նշանակել, եւ պարզվել է, որ իր նմանները քիչ չեն․ մի մեծ խումբ է` մի քանի հարյուր հոգուց կազմված։ Ընթացքում ինքը պարզել է, որ այդ խմբի մոտ 60 տոկոսը հայեր են, անգամ մանր երեխաներով, կանանցով սահմանն անօրինական անցնողներ են եղել:

՛՛Հրապարակի՛՛ զրուցակիցը պատմում է, որ ուղեկիցները, որոնք ահռելի փողեր են աշխատում այս բիզնեսից, իրենց հասցրել են մեքսիկա-ամերիկյան սահման եւ ցույց տալով ինչ-որ բլուրներ` հեռացել։

«Նշված ուղղությամբ մի քանի կմ քայլելուց հետո մեր քարավանը կանգնեցրին ամերիկյան սահմանապահները եւ տեղափոխեցին Սան Դիեգո քաղաքի մերձակայքում տեղակայված սահմանախախտների ժամանակավոր մեկուսարանի սեկտորներից մեկը։ Բետոնե հատակ, փայտե նստարաններ, 25 հոգու համար նախատեսված մեկուսարանում` 40 մարդ: Բառացի՝ իրար գլխի լցված։ Այդտեղ կարելի էր մարդկանց ընդամենը մի քանի ժամ պահել, բայց մեզ պահեցին 10 օր։ Ոչ մի բուժօգնություն, մարդկային ոչ մի վերաբերմունք։ Տեղեկացանք, որ այդ դժոխքը 24 սեկտորներից է կազմված, որոնցում, ընդհանուր հաշվով, 600 հոգի էր պահվում։ Անմարդկային պայմաններում շատերը հիվանդանում էին, քանի որ անասելի տոթ էր, ուստի անընդհատ մեծ ինտենսիվությամբ կոնդիցիոներներ էին աշխատում, եւ ցուրտ էր։ Ով քնեց հատակին` երիկամ կորցրեց, առողջություն: Ես 10 օր նստած եմ անցկացրել: Մարդկանց մոտ աղեստամոքսային խանգարումներ էին առաջանում, սուր ցավեր` երիկամների եւ լյարդի շրջանում։ 

Իսկական երջանկություն էր, երբ տարան Միսիսիպի նահանգի Նաչես քաղաքի ձերբակալվածների մեկուսարան։ Այն կոչվում էր «Ադամս կենտրոն»: Ի տարբերություն ծանր հանցագործների նարնջագույն զգեստի, մեզ հատկացրին բաց սրճագույն հագուստներ։ Ի դեպ, կանանց ու երեխաներին, որոնց առանձնացրել էին ամուսիններից, մի քիչ ավելի լավ պայմաններում էին պահում, քան տղամարդկանց: Անձի ինքնությունը ստուգելու ընթացք սկսվեց, որը երկու երկարուձիգ ամիս տեւեց։ Այստեղ հայերս ավելի շատ էինք, քան հնդիկները, ռուսներն ու ուկրաինացիները միասին վերցրած։ Քիչ թիվ չէին կազմում ուզբեկ, տաջիկ, մեքսիկացի տարագիրները։ Բոլոր միգրանտները գիտեին, որ պետք է ԱՄՆ քաղաքացու հասցե եւ կոորդինատներ ունենան, եւ միգրացիոն ծառայությունը ստուգում է հենց դա` կապվում է քո հարազատի կամ ընկերոջ հետ, նրանից պահանջում եկամուտների մասին հավաստում, եթե դրանք բավարար են, եւ նշված ընտանիքը պատրաստ է ապօրինի սահմանն անցած անձին հյուրընկալել, նրան ուղարկում են հյուրընկալողի մոտ: Հետագայում արդեն երկարուձիգ պրոցես է գնում` աշխատանքի թույլտվություն, իսկ հետագայում՝ քաղաքացիություն ստանալու, որը կարող է տասնամյակներ տեւել»:

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք` ի՞նչը ստիպեց իրեն հաղթահարել այս դժվարությունները, այդքան զրկանքների դիմանալ: Նա ասաց. «Իսկ ի՞նչ էր ինձ սպասվում հայրենիքում` զրկանքներ, գործազրկություն, լավ կյանքի դատարկ խոստումներ։ Հարեւանս ՔՊ-ական մի պատգամավոր է, գրեթե ինձ տարեկից, որը ոչնչով ինձնից առավել չէ` ո՛չ կրթությամբ, ո՛չ ինտելեկտով, ո՛չ աշխատասիրությամբ, երբ տեսա, թե ինչ հագուկապով ու նիստուկացով է սկսել ապրել, համոզվեցի, որ Հայաստանում ապագա կա միայն իր նմանների համար` ինձ համար հաստատ չկա։ Մտա պարտքերի տակ, հավաքեցի 20 հազար դոլար ու ճամփա ընկա։ Հիմա հեռավոր բարեկամներս ժամանակավոր կացարան են տվել։ Մի քանի օրում մեքենա վարելու թույլտվություն կստանամ, «սոշըլ» կունենամ, կաշխատեմ ուբեր տաքսի ծառայությունում, տուն կվարձեմ, ընտանիք կկազմեմ ու մի քանի տարուց մարդավայել կապրեմ։ Հայրենիքից հեռու, իհարկե, բայց հեռու թուրքից ու նաեւ դրանց ստերից»։

  • Կիսվել: