Թրամփը մեկ ամսով կհետաձգի Կանադայից և Մեքսիկայից մի շարք ապրանքների մաքսատուրքերի սահմանումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը մինչև ապրիլի 2-ը հետաձգելու մասին։ Ըստ հրամանագրի՝ խոսքը այն ապրանքների մասին է, որոնք գտնվում են եռակողմ առևտրային համաձայնագրի ներքո։
Թրամփը նշել է, այդ ամսաթվից հետո ճշգրտումներ չեն լինի։ Նրա խոսքով՝ տուրքերի մասին որոշումը կայացվել է ամերիկյան ավտոմոբիլային ընկերություններին չվնասելու համար։
Իր հերթին Կանադան, ի պատասխան Վաշինգտոնի, մինչև ապրիլի 2-ը կասեցրել է ԱՄՆ-ից ավելի քան 4 հազար ապրանքատեսակի համար մաքսատուրքերի սահմանման երկրորդ փուլը, սակայն Կանադայի սկզբնական պատասխան մաքսատուրքերն ԱՄՆ-ի դեմ կմնան ուժի մեջ: Օտտավան ընդգծել է, որ իրենք շարունակում են աշխատել բոլոր սակագների վերացման ուղղությամբ։
Նշենք, որ հինգշաբթի Կանադայի Օնտարիո նահանգի ղեկավար Դուգլաս Ֆորդըհայտարարել է, որ երկուշաբթի օրվանից՝ ի պատասխան Թրամփի սակագնային պլանների, Օնտարիոն 25 տոկոսով ավելի կգանձի մոտ 1,5 միլիոն ամերիկացիներին մատակարարվող էլեկտրաէներգիայի համար։
Ֆորդն իր թվիթերյան էջում գրել է, որ որոշ սակագների դադարեցումը ոչինչ չի նշանակում: ՛՛Քանի դեռ նախագահ Թրամփը վերջնականապես չի հանել մաքսատուրքերի սպառնալիքը, մենք անողոք կլինենք՛՛,-նշել է նա: