Տևական ժամանակ է՝ կրակոցներ կան գիշերվա ժամերին. Սյունիքի մարզպետ (տեսանյութ)
Իհարկե, շատ վատ է, որ կրակում են, որովհետեւ դա իրականում խնդիր է նաեւ մարզի դիմադրողականության իմաստով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
«Բայց մյուս կողմից մենք այսպիսի միջոցառումներ ենք անում, այնպես ենք անում, որ մարզը հանկարծ ոչ մի վայրկյան իր դիմադրողականությունը չկորցնի։ Եւ հույս ունենք, որ շատ կարճ ապագայում առաջիկայում այս խնդիրը կլուծվի», - նշեց Սյունիքի մարզպետը։
Նրա խոսքով՝ տեւական ժամանակ է կրակոցները կան գիշերվա ժամերին։
«Եւ այդ մասով ինչ տեղեկատվություն որ կա, բոլորին հասանելի է։ Այդքանն էլ իրականություն է», - հավելեց Ռոբերտ Ղուկասյանը՝ միեւնույն ժամանակ վստահություն հայտնելով, որ ադրբեջանական զորքերը կլքեն օկուպացված տարածքները սահմանազատումից հետո: Ղուկասյանը, սակայն, նշեց, որ որեւէ ժամկետ ասել չի կարող:
«Ինչ վերաբերում է օկուպացված տարածքներին, սահմանազատումը երբ որ կհասնի այստեղ, վստահաբար իրենք պետք է վերադառնան այնտեղ, որտեղ սահմանազատումը կիրականացվի։ Այսինքն չեմ կարծում, որ այլընտրանք կարող է լինել»,-ասաց նա։
Պատասխանելով լրագրողի ճշտող հարցին, թե արդյոք նա վստա՞հ է, որ ադրբեջանական զորքերը կվերադառնան իրենց դիրքեր՝ նա շեշտեց․ «Չեն կարող չվերադառնալ, որովհետեւ սահմանազատումը իրենից ենթադրում է այն բաժանարար գիծը, որը կողմերը պետք է ընդունեն որպես սահման։ Տրամաբանորեն այդպես էլ պետք է լինի»։
Մարզպետը նաեւ հավելեց, որ Սյունիքի մարզի բնակիչների հարցը Որոտան ու Շուռնուխ այցելած՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկն է եղել՝ խաղաղություն կլինի, թե ոչ:
«Դա եղել է անվտանգային իմաստով այն հարցը, որ բնակիչները տվել են։ Այդ ամենը եղել է ուղիղ եթերում։ Կարող եք դուք էլ տեսնել»,- նշեց նա։
Սյունիքի մարզպետը նաեւ պատասխանեց զոհված սահմանապահի հետ կապված դեպքի վերաբերյալ հարցին:
Նա, մասնավորապես, ասաց. «Թույլ տվեք՝ ես չպատասխանեմ այդ հարցին, քանի որ այն դեռ հետաքննության փուլում է, եւ շատ սխալ կլինի, ես որեւէ բան ասեմ մինչեւ պաշտոնական հրապարակումները։ Այն, որ իրեն ամրացված զենքից է, դա միանշանակ է։ Մնացածը թույլ տվեք՝ չբարձրաձայնեմ»:
Մանրամասները՝ տեսանյութում.