չորեքշաբթի, հունվար 27
27 / 1 / 2021
Մենք վերահսկողությունից դուրս եկած իրավիճակում ենք. Ախալքալաքի հիվանդանոցի մենեջեր

Մենք վերահսկողությունից դուրս եկած իրավիճակում ենք. Ախալքալաքի հիվանդանոցի մենեջեր

Ախալքալաքի մունիցիպալիտետում արագորեն տարածվում է կորոնավարակը, ճիշտ է վիճակագրությունը լավատեսության հիմք է տալիս, օրական 0-ից մինչև 5 վարակակիր է բացահայտվում, բայց իրականությունը բացարձակապես այլ է:

Մասնագետները վստահեցնում են, պաշտոնական վիճակագրական տվյալները պետք է բազմապատկել երեքով: Իսկ Ախալքալաքի մունիցիպալիտետում երևի ավելի մեծ թվով, այնպես ինչպես այստեղ սահմանափակ թվով թեստավորում է կատարվում: Ինչպիսի՞ն է իրավիճակը մունիցիպալիտետում, ի՞նչպես են բժիշկները պայքարում վարակի դեմ, ի՞նչ միջոցներ են կիրառում, որ հիվանդներին են թեստավորում և որքանո՞վ է ծանրաբեռնված հիվանդանոցի աշխատանքը․ այս և այլ հարցերի շուրջ JNEWS-ը զրուցել է Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանի հետ:

– Պարոն Թորոյան, ինչպիսի՞ն է այսօր Ախալքալաքում կորոնավարակով պայմանավորված իրավիճակը: Ի՞նչ բարդություններ և հաջողություններ ունենք այսօրվա դրությամբ:

Նախ և առաջ ասեմ, որ հաջողության մասին ընդհանրապես խոսելն ավելորդ է: Իրավիճակը բավականին շատ լուրջ է, նույնիսկ կարող եմ ասել, որ հսկողությունից դուրս եկած իրավիճակում ենք՝ ինչպես հանրապետության ընդհանուր մասշտաբով, այնպես էլ մեր տարածաշրջանի: Բացարձակապես անկառավարելի իրավիճակի մեջ ենք:

– Ըստ ձեզ, այսօրվա դրությամբ մեր բնակչության քանի տոկոսն է վարակված կորոնավիրուսային հիվանդությամբ:

Հիվանդներն ահավոր մեծ թիվ են կազմում: Իմ պատկերացմամբ մեր բնակչության 70 տոկոսն արդեն հիվանդ է: Որոշ մասը գնում է դեպի առողջացման փուլ, իսկ հիմնական մասը հիվանդության այսպես ասած կենտրոնում են՝ պիկում:

Ես գտնում եմ, որ դեռ վատ օրերն առջևում են, որովհետև ահավոր շատացել է մեզ դիմող հիվանդների քանակը: Մենք ավելացրել ենք թեստավորումների քանակը և գրեթե յուրաքանչյուր պացիենտ, ով դիմում է հիվանդանոց, դրական պատասխան է ստանում:

– Ինչո՞ւ այդ դեպքում ամեն օր հրապարակվող վիճակագրության համաձայն՝ Ախալքալաքում օրական միջինը 4-5 դեպք է գրանցվում:

Իրականության մեջ մարդիկ շատ են գալիս հիվանդանոց և պարտադիր ուզում են թեստավորվել: Բացատրում ես, որ անհրաժեշտություն չկա, որ ռիսկային է հենց հիվանդանոց գալը, բացառված չէ, որ հենց հիվանդանոցում մարդը կարող է վարակվել և այլն: Եթե ինքը մտադրվել է, որ պետք է թեստավորվի, ուրեմն վերջ թեստավորվում է, դու իրեն ինչ ուզում ես ասա, եթե չես թեստավորում ուրեմն տվյալ պացիենտը նեղացած է, ուրեմն ինքը գտնում է, որ իրեն լավ չվերաբերվեցին հիվանդանոցում: Իսկ, երբ ասում ես, որ դու պարտավոր ես պահպանել սոցիալական հեռավորություն, պաշտպանիչ միջոցներ օգտագործես, դա իրեն չի հետաքրքրում, նա պարզապես դա չի ընդունում: Այսինքն՝ մարդիկ մտածում են, որ բացի իրենցից բոլորը պատասխանատու են, պարտավոր են:

-Օրական քանի՞ թեստավորում է կատարվում Ախալքալաքի շրջանում:

Օրական միջինն Ախալքալաքում 20-ից 30 թեստավորում է կատարվում: Սա քիչ չէ, քանի որ թեստավորումը կատարվում է ըստ դիմելու և ըստ բժշկական ցուցումների: Կարող եմ ասել, որ մարդիկ սկզբնական փուլում մեզ չեն դիմում, լռում են, իսկ երբ վիճակները ծայրահեղ է դառնում այդ ժամանակ գալիս են հիվանդանոց: Մեր ժողովրդի մեջ տարածված է ինքնաբուժությամբ զբաղվելը: Եվս մեկ անգամ հորդորում եմ, որևէ ախտանշանի պարագայում պարտադիր կապ հաստատեք գյուղական բժշկի հետ: Առողջության հետ խաղ չեն անում: Խնայեք ձեզ, խնայեք մեզ, որ կարողանանք դուրս գալ այս ծայրահեղ վիճակից:

-Ի՞նչպես եղավ, որ իրավիճակն այսքան բարդացավ, ի՞նչն է պատճառը, չէ՞ որ վարակի տարածման առաջին փուլում մեր շրջանում վարակի դեպքեր չգրանցվեցին:

Սա խոսում է այն մասին, որ մենք անպատասխանատու գտնվեցինք, ինչպես և հանրապետության մնացած տարածաշրջաններում: Հենց մայրաքաղաքաում ցույցերը, ընտրություններն առիթ հանդիսացան, որ վարակն այսքան արագ տեմպերով սկսվեց տարածվել և իրավիճակը վերահսկողությունից դուրս եկավ: Հիմա օրական 4-ից մինչև 5 հազար դրական պատասխաններով վարակված հիվանդների քանակ ենք ունենում, և, այդ թվում՝ մեր տարածաշրջանը բացառություն չկազմեց:

Ցավոք սրտի, սա դաս չեղավ մարդկանց համար: Մինչև հիմա էլ մարդիկ հիվանդանոց են գալիս ամբողջ բարեկամությունով ու ընկերական շրջապատով, լինի դա վիրահատություն, թե երեխայի ծնունդ: Մեր ժողովուրդը շարունակում է ծնունդ, կնունք ու տարբեր հավաքույթներ նշել: Բացարձակապես դաս չքաղեցինք և այսօր իրավիճակը սրված է, առավել ևս երիտասարդությունը խմբերով կուտակվում է ամենուր, առանց պաշտպանիչ միջոցների գալիս են վարորդական իրավունքի քննության մասնակցելու թույլտվություն ստանալու համար, իսկ երբ դիտողություն ես անում, մարդիկ գոռում են բժշկական աշխատողի վրա և այլն, և այլն:

-Պարոն Թորոյան, վերջերս Նինոծմինդայի հիվանդանոցում հատուկ կովիդ կենտրոն բացվեց, սա ինչքանո՞վ թեթևացրեց ծանրաբեռնվածությունը:

Այո, Նինոծմինդայի հիվանդանոցում արդեն բացվել է կորոնավիրուսային հիվանդների համար կենտրոն, Ախալցիխեում են բացել նորը: Ճիշտ է, Նինոծմինդայում բացվեց, բայց այսպես ասած բեռնաթափում չեղավ: Իիհարկե, 10-15 մահճակալը բան չի փոխում, այնքան շատ են հիվանդների քանակը, որ այդ 15 մահճակալը մի կաթիլ ջուր է ծովում:

Պատկերացնում եք, ինչ իրավիճակ է առողջապահության ոլորտում՝ հիվանդների քանակը ահավոր շատ, հիվանդանոցային մահճակալները գերբեռնված, բացակայում են յուրաքանչյուր հիվանդի համար առանձին տարածքի տրամադրումը: Կասկածելի հիվանդներին 2-3 օրով պառկեցնում ենք մեր հիվանդանոցում, եթե դրական պատասխան է գալիս և կարիք կա հիվանդին տեղափոխել պառկեցնելու, եթե արհեստական շնչառության ապարատին միացնելու ցուցումներ կան, ապա այդ հիվանդները մեր մոտ են մնում, որովհետև կովիդ-հիվանդանոցներում բացարձակ տեղ չկա:

-Ի՞նչ և ո՞ւմ ցուցումներին պետք է հետևեն այն հիվանդները, որոնք կորոնավիրուսային հիվանդություն ունեն, տնային պայմաններում են բուժվում և թեթև են տանում հիվանդությունը:

Կառավարության որոշում կա, ըստ որի սահմանափակվում է թեթև ծանրությամբ հիվանդներին գալ հիվանդանոց, այսինքն՝ այն հիվանդները, որոնք չունեն շնչառության հետ կապված խնդիրներ, ապարատին միացվելու ցուցում, նրանք պետք է բուժում ստանան տնային պայմաններում: Իսկ տանը բուժվելու համար ստեղծել են սոցիալական ցանց, Առողջապահության նախարարության ցանցին կից ամբուլատոր ծառայությունների ընտանեկան բժիշկների ծառայությունը: Այստեղ ակտիվանում է գյուղական, տեղամասային բժիշկների ծառայությունը: Յուրաքանչյուր մարդ պարտավոր է իմանալ իր տեղամասային բժշկին, այս հարցում նույնպես թերացած ենք, բացեր կան: Հիվանդը պետք է պարտադիր ունենա իր տեղամասային բժշկի հեռախոսահամարը, որպեսզի ցուցումներ ստանա բժշկի կողմից, թե կոնկրետ ի՞նչ դեղամիջոց օգտագործի և այլն: Հիվանդը պետք է մանրամասն խորհրդատվություն ստանա տեղամասային բժշկից և հենց նրա որոշմամբ՝ կամ տանն է բուժվում, կամ անհրաժեշտության դեպքում տեղափոխվում է հիվանդանոց:

– Ինչպե՞ս տարբերել կորոնավիրուսը սովորական վիրուսից:

Սկզբնական շրջանում հիմնականում չեն տարբերվում: Կորոնավիրուսի դեպքում 4-5-րդ օրն արդեն միանում են այլ սիմպտոմներ՝ համի և հոտի կորուստ, ցուր ցավեր ամբողջ մարմնում, գլխացավեր, բացարձակ թուլություն, որ մարդիկ նույնիսկ քայլել չեն կարողանում: Դրա համար մենք ասում ենք, որ հենց մի ախտանշան եղավ պետք է անմիջապես կապ հաստատել բժշկի հետ, ոչ թե ինքնանպատակ կապ ունենալ, որ անպայման թեստավորովի, որ ինքն ապահով լինի: Պետք է լսել և հետևել բժշկի խորհուրդներին:

Խորհուրդ եմ տալիս վիտամիններով հարուստ ուտելիք օգտագործել՝ միրգ, բանջարեղեն, վիտամին C-ով հարուստ մթերք օգտագործել, և ինչու չէ դեղատներից վերցնել վիտամին C-ի դրաժեններ և օգտագործել, հնարավորինս երեխաներին զերծ պահել մարդաշատ վայրեր այցելություններից:

-Ի՞նչ խորհուրդ կտաք մեր բնակչությանը:

Իմ հիմնական խնդրանքն է, հորդորը, որ մեր ժողովուրդը պահպանի անվտանգության կանոնները, դիմակներով ժողովուրդ ջան, շուտ-շուտ լվացեք ձեր ձեռքերը, պարբերաբար օգտագործեք դեզինֆեկցիոն լուծույթներ, խուսափեք մարդաշատ վայրերից, կուտակումներից, և հիմնականում պահպանեք սոցիալական հեռավորություն և պատասխանատու քաղաքացիական մոտեցում ցուցաբերեք: Այսօր մենք շատ դժվար կացության մեջ ենք, իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել:

Ջավախքում COVID-19-ով վարակված պացիենտներին ընդունում է միայն Նինոծմինդայի ռեֆերալ հիվանդանոցը: Սակայն այստեղ ընդամենը 15 մահճակալ կա կորոնավիրուսով վարակվածների համար, որոնք մշտապես զբաղված են: Ախալքալաքի հիվանդանոցը մարդկանց առաջին օգնություն է ցուցաբերում, սակայն կորոնավարակը հաստատվելուց հետո պացիենտը կամ տանն է բուժվում, եթե վիճակը ծանր չէ, կամ հակառակ դեպքում տեղափոխվում է կովիդ-կլինիկա:

Ախալքալաքում համաճարակի սկզբից մինչև այսօր կորոնավիրուսով վարակման 208 դեպք է բացահայտվել, իսկ Նինոծմինդայում՝ 116: Ընդհանուր Վրաստանում CОVID-19-ի 143 376 դեպք է հաստատվել:

  • Կիսվել: