Մենք մեր որևէ հայրենակցի դրսում չենք թողնելու, գտնելու են մինիմալ պայմաններով վայրեր․ Գնել Սանոսյան
Ստեղծել ենք հանրապետության բոլոր բնակավայրերի համար մի մեծ համակարգ, որտեղ օրվա մեջ 3 անգամ մուտքագրում ենք տվյալները, թե որ բնակավայրում Լեռնային Ղարաբաղից տեղահանված քանի բնակիչ է ավելացել։ Այս մասին Կառավարության «Հումանիտար կենտրոնի»-ի ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Գնել Սանոսյանի խոսքով՝ շատ արցախցիներ չեն նախընտրում պետության կողմից առաջարկած կեցության վայրերն, ինչն իրենց աշխատանքում խնդիրներ է ստեղծում։ Այդուհանդերձ, նա վստահեցրեց, որ բոլորին են կացարան տալու։
«Մենք մեր որևէ հայրենակցի դրսում չենք թողնելու, գտնելու են մինիմալ պայմաններով վայրեր, որտեղ նրանք կարճաժամկետ հատվածում կարող են տեղակայվել, մինչև մտածենք երկարաժամկետ տեղակայման վայրերի մասին»,- նշեց նա։
Սանոսյանը նաև ասաց, որ կառավարությունը պատրաստվում է բազմաթիվ ծրագրեր իրականացնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակիչների համար։


