ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Մեկնարկում են բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունները

Մեկնարկում են բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունները

Մեկնարկում են 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունները. դիմորդները քննություն կհանձնեն քիմիա և ռուսաց լեզու առարկաներից, հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

738 դիմորդ քիմիա է հանձնելու, որից 284-ը Երևանում, 454-ը՝ մարզերում: 131-ը ռուսերեն է հայտագրել, որից 15-ը Երևանում և 116-ը մարզերում:

Տարվա եղանակով պայմանավորված, որոշվել է քննությունն սկսել ամռան համեմատ 2 ժամ ուշ՝ 11.30-ին: Քիմիայի քննության տևողությունը 3 ժամ է, ռուսաց լեզվինը՝ 2,5:

Հանրապետությունում գործող 14 քննական կենտրոնից 11-ը մարզերում են, յուրաքանչյուր մարզում՝ 1-ական, միայն Սյունիքում 2 կենտրոն է՝ Գորիսում ու Կապանում: Մայրաքաղաքի քննական կենտրոնները 3-ն են՝ թիվ 170, թիվ 189 և թիվ 190 դպրոցներում: Վերջին երկուսում միայն քիմիա են հանձնելու, թիվ 170-ում՝ նաև ռուսաց լեզու:

Հիշեցնենք, որ 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունները կկայանան հունվարի 15-ից փետրվարի 12-ը։

Այս փուլում դիմորդները չեն կատարում բուհի և մասնագիտության հայտագրում: Հայտագրման փուլը կմեկնարկի ապրիլից:

  • Կիսվել: