հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մեկնարկել է «Հոգեկան առողջություն բոլորի համար» խորագրով ծրագիրը

Մեկնարկել է «Հոգեկան առողջություն բոլորի համար» խորագրով ծրագիրը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), Եվրոպական հանձնաժողովի հետ համագործակցությամբ մեկնարկել է Հայաստանում հոգեկան առողջության ոլորտում առկա բացերին ուղղված գործողությունների ծրագիրը` զինված հակամարտությունից տուժած բնակչության համար, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Հոգեկան առողջություն բոլորի համար» խորագրով ծրագիրը նպատակ ունի նպաստելու հակամարտությունից տուժած բնակչության համար հոգեկան առողջությանն ու հոգեսոցիալական աջակցությանն ուղղված ծառայությունների հասանելիությանը՝ վերապատրաստելով առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողներին։ Հոգեկան առողջության ոլորտում առկա բացերին ուղղված գործողությունների ծրագիրը կիրականացվի Երևանում և չորս մարզերում՝ Կոտայքում, Արարատում, Գեղարքունիքում և Սյունիքում։ Ծրագրի շնորհիվ նշված մարզերում առաջնային բուժօգնության հաստատությունների 20%-ը հնարավորություն կունենա տրամադրել հոգեկան առողջության և հոգեսոցիալական որակյալ և ապացուցահեն աջակցություն:

Երեկ Գորիսում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի, Եվրոպական հանձնաժողովի ԵՄ Հարևանության և ընդլայնման գլխավոր տնօրինության, տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպման ընթացքում ներկայացվել են «Հոգեկան առողջություն բոլորի համար» ծրագրի նպատակները և հիմնական ուղղությունները։

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության գրասենյակի ղեկավար Անդրեա Վիկտորինն ընդգծել է հոգեկան առողջության կարևորությունը և հոգեկան առողջության ոլորտում առկա բացերին ուղղված գործողությունների ծրագրի դերը այս խնդրի հասցեագրման գործում:

Մեկնարկային հանդիպմանը հաջորդել է շահագրգիռ կողմերի հանդիպումը Կապան քաղաքում՝ ԱՀԿ ներկայացուցիչների, Սյունիքի մարզպետարանի, հոգեկան առողջության ոլորտի մասնագիտական համայնքի և առողջապահական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ: Կողմերը քննարկել են հոգեկան առողջության ոլորտում մարզում առկա հիմնախնդիրները և ծրագրի միջոցով հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության կարիք ունեցող մարդկանց որակյալ համայնքային ծառայություններ տրամադրելու հնարավորությունները:

  • Կիսվել: