հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մասնագետը հորդորեց քաղաքացիներին ստուգել բժշկական այցերի մասին տվյալները՝ կեղծ տեղեկատվությունից խուսափելու համար

Մասնագետը հորդորեց քաղաքացիներին ստուգել բժշկական այցերի մասին տվյալները՝ կեղծ տեղեկատվությունից խուսափելու համար

«Էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգում շուտով կավելացվեն նոր գործիքներ, որոնք հնարավորություն կտան քաղաքացիներին վերահսկել անձնական տվյալների էջը՝ կապված այլ անձանց կողմից մուտքի հնարավորության հետ»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում  նշեց «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանը:

Մանուկյանը մանսնավորապես նշեց․ «Մենք ունենք մեկ հիմնական նպատակ՝ բարձրացնել բուժօգնության որակը: Առանց քաղաքացու մասին մանրամասնված, ամբողջական տեղեկատվության բժշկի կողմից կայացված որոշումները ցանկալի որակ չեն ունենա: Հետևաբար, «Արմեդ» համակարգը պարբերաբար հարստացվում է նոր գործիքակազմով: Այս պահին քաղաքացին ունի հնարավորություն «Արմեդ»-ում տեսնել իր բժշկական այցերի մասին տեղեկատվություն: Նոր գործառույթ է ավելացվում, որ քաղաքացին կարողանա իր հեռախոսի համապատասխան հավելվածում վերահսկի, տեսնի, թե ով է մուտք գործել իր տվյալների բաժին: Քաղաքացին հնարավորություն կունենա նաև սահմանափակել կոնկրետ բժշկի կողմից իր անձնական տվյալների էջ մուտք գործելու հնարավորությունը»։    

 Այժմ «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորը» ՀՀ առողջապահության նախարարության հետ քննարկում է այդ ուղղությամբ հստակեցումները վերջնարդյունքի հասցնելու համար:

Ավետ Մանուկյանը  քաղաքացիներին հորդորեց լինել ուշադիր և հետևել բժշկական այցերի մասին տվյալներին․ « Հնարավոր է, քաղաքացին այցելել է բժշկին, սակայն վերջինս չի մուտքագրել տվյալները համակարգ: Հնարավոր է նաև հակառակը՝ քաղաքացին չի գնացել բժշկի, սակայն վերջինս նրա անվան տակ սպասարկում է գրանցել: Այդ վերահսկողությունը հնարավորություն կտա խուսափել կեղծ տեղեկատվությունից»:

«Եթե տեսնեք, որ ձեր անվան փոխարեն կեղծ բժշկական ախտորոշում է մուտքագրված համակարգում, ուրեմն դուք պետք է արագ արձագանքեք: Հակառակ դեպքում դա հետագայում կարող է վատ ազդել ձեզ վրա: Եթե ձեզ վերաբերող առողջապահական տվյալներում անճշտություն եք տեսնում, ապա անպայման արձագանքեք»,-ասաց Ավետ Մանուկյանը:

Առաջիկայում նախատեսվում է «Արմեդ» համակարգում ունենալ ծանուցման ֆունկցիա: Երբ անձի վերաբերյալ բժշկի կողմից կմուտքագրվեն տվյալներ, ապա բուժառուն «Արմեդ» հավելվածում կստանա ծանուցում:    

  • Կիսվել: