երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Մարտունիից Հայոց բանակ է մեկնել ձմեռային զորակոչի առաջին խումբը

Մարտունիից Հայոց բանակ է մեկնել ձմեռային զորակոչի առաջին խումբը

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից Հայոց բանակ են ճանապարվել 2024 թվականի ձմեռային զորակոչի առաջին խմբի նորակոչիկները։

ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման պետ Գևորգ Մխեյանի, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի, ուժային կառույցների ներկայացուցիչների, նորակոչիկների ծնողների և հարազատների հետ Մարտունի համայնքի նորակոչիկները զինվորական ծառայության են ճանապարհվել ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումից։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է մարզպետ Կարեն Սարգասյանը:

«Սիրելի նորակոչիկներ, նախ շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ ու միաժամանակ այս ուրախ ու նշանակալի օրվա առիթով, քանի որ բոլորիդ բախտ է վիճակվել՝ հպարտորեն կրելու Հայոց բանակի զինվորի համազգեստը, լինելու մեր հայրենիքի սահմանների արթուն պահապանները։

Այո, մեր հայրենիքը հիմա առաջնագծում առավել քան զգում է խելացի, կիրթ, գրագետ, բանիմաց, քաջ ու անձնուրաց զինվորի կարիքը։

Իսկ ես միանգամայն վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը կամքով ու հոգեբանորեն պատրաստ է՝ բարեխղճորեն ու պարտաճանաչորեն կատարելու իր պարտքը, բարձր պահելու իր հայրենիքի, ընտանիքի, զորամասի, հրամանատարների, վերջապես՝ հայ զինվորի պատիվը։

Իմ հորդորն ու խրատն է ձեզ՝ զինվորական ծառայության մեջ լինել աչալուրջ ու ընկերասեր, պարտաճանաչ, հարգել ու միշտ կատարել հրամանատարների հրամանները, տիրապետել զինվորական գործին, չընկճվել ոչ մի դժվարության առաջ։

Նաև շատ կարևոր է, որ ձեր ծնողները, ընտանիքի անդամները միշտ տեղեկանան միայն ձեր ձեռքբերումների, ձեր արիության ու պարտաճանաչ ծառայության մասին։

Մաղթում եմ խաղաղ ու անվտանգ ծառայություն ու սրտանց ցանկանում, որ երկու տարի անց այս նույն կազմով, առողջ, հպարտ ու հասուն տղամարդկանց պես վերադառնաք ձեր ընտանիքներ։

Այնուհետ այցելեցինք Մարտունի քաղաքի սուրբ աստվածածին եկեղեցի, որտեղ նորակոչիկները ստացան հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգևոր հովիվներ Տեր Գևորգ քահանա Բարսեղյանի և Տեր Երեմիա քահանա Սարգսյանի օրհնությունը։

Ձմեռային զորակոչը Գեղարքունիքի մարզում կշարունակվի մինչև 2024 թվականի հունվար ամսի վերջերը»,- գրել է մարզպետը։

  • Կիսվել: