կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
Մաքսային ծառայությունն ԱՄՆ պետքարտուղարության աջակցությամբ վերազինվել է ռենտգենյան սարքերով

Մաքսային ծառայությունն ԱՄՆ պետքարտուղարության աջակցությամբ վերազինվել է ռենտգենյան սարքերով

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը հունիսի 27-ին «Ապավեն» մաքսային պահեստում մասնակցել են ռենտգենյան սարքերի և ճառագայթային հայտնաբերման սարքավորումների տեղադրման միջոցառմանը: 

Նոր սարքավորումները ձեռք են բերվել ԱՄՆ պետքարտուղարության «Արտահանման վերահսկողության և սահմանների անվտանգության» (EXBS) և ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի «Միջուկային մաքսանենգության կանխարգելման և բացահայտման» (NSDD) ծրագրերի ֆինանսավորմամբ և աջակցությամբ: 

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ կառավարությունների միջև 2024 թվականի հունիսի 11-ին կայացած Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի ընթացքում ստորագրվել է «ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագիրը, որի նպատակն է խորացնել համագործակցությունը սահմանային անվտանգության և առևտրի ընթացակարգերի պարզեցման ոլորտում:

«Ռենտգենյան սարքերի և ճառագայթային հայտնաբերման սարքավորումների ձեռքբերումը նշանակալի քայլ է՝ միջուկային և ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառությունը կանխելու մեր ընդհանուր առաքելության մեջ»,- ընդգծել է ՊԵԿ նախագահը։

«Այս կարևոր միջոցառումն ընդգծում է սահմանների անվտանգությունը մեծացնելու և  երկու երկրների միջև առևտուրը դյուրացնելու մեր ընդհանուր հանձնառությունը»,- նշել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը։

  • Կիսվել: