չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նստաշրջանի շրջանակում Նարեկ Մկրտչյանը կհամակարգի Հայաստանի նախաձեռնված միջոցառումը

ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նստաշրջանի շրջանակում Նարեկ Մկրտչյանը կհամակարգի Հայաստանի նախաձեռնված միջոցառումը

Նյու Յորքում այսօր մեկնարկել է ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 67-րդ նստաշրջանը (CSW67), որտեղ ՀՀ պատվիրակությունը ղեկավարարում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

՛՛Այս նստաշրջանի գերակա թեման և նախարարական հատվածը կլինեն նորարարության, տեխնոլոգիական առաջընթացի, կրթության մասին՝ գենդերային հավասարության և կանանց ու աղջիկների իրավունքների ու հնարավորությունների առաջխաղացման համատեքստում։

Նստաշրջանի շրջանակում նախարար Մկրտչյանը հանդես կգա զեկույցով, կհամակարգի Հայաստանի կողմից նախաձեռնված հարակից միջոցառումը, կմասնակցի «Գենդերային թվային բաժանումը շրջանցելու հարցում խոչընդոտների հաղթահարման և թվային դարաշրջանում կրթության խթանման առաջատար փորձը՝ գենդերային հավասարության հասնելու համար» թեմայով նախարարական կլոր-սեղանին։

Նստաշրջանին մասնակցում է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը, Իմփակտ Ինովացիաների Ինստիտուտի և Safe YOU բջջային հավելվածի համահիմնադիր և գործադիր տնօրեն Մարիամ Թորոսյանը։

Հիշեցնենք, որ ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովը կանանց իրավունքների, գենդերային հավասարության և կանանց առաջխաղացմանն առնչվող ոլորտներում քաղաքականություն մշակող հիմնական միջկառավարական մարմինն է։ Հանձնաժողողովի 45 անդամ երկրներն ընտրվում են տարածաշրջանների աշխարհագրական հավասար ներկայացվածության սկզբունքով։ Հայաստանն ընտրվել է հանձնաժողովի անդամ 2019-2023 թվականների համար՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: