ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մահացության ցուցանիշի նվազում, կյանքի որակի բարելավում. կաթվածի բուժման ծրագրի արդյունքները

Մահացության ցուցանիշի նվազում, կյանքի որակի բարելավում. կաթվածի բուժման ծրագրի արդյունքները

Հայաստանում 2019 թվականից իրականացվող գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրի շրջանակում արդեն բուժօգնություն է ստացել 1800 քաղաքացի: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի առողջապահության գլխավոր կազմակերպիչ Արմինե Աղաջանյանը տեղեկացրեց, որ տարեց տարի ավելանում է բուժօգնություն ստացած քաղաքացիների թիվը:

«Եթե 2019 թվականին շուրջ 350 անձ էր բուժօգնություն ստացել, ապա 2022 թվականին, երբ տարին դեռ չի ավարտվել, արդեն 500-ից ավելի անձ ընդգրվել է ծրագրում: Կարող ենք արձանագրել, որ այս ընթացքում ավելացել է ծրագրին միացած բուժհաստատությունների թիվը: Երևանի երեք բուժհաստատություններին միացել է նաև Գյումրու բժշկական կենտրոնը»,ասաց Արմինե Աղաջանյանը:

Առաջիկայում ևս նոր բուժհաստատություններ կմիանան ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության այլ քաղաքներում: Մինչ այդ Հայաստանում գլխուղեղի կաթվածի բուժման արդյունավետության բարձրացման և կառավարման համակարգող խորհուրդը ուսումնասիրություններ է ացկացնում ծրագրին միանալ ցանկացող բուժհաստատություններում: Այս օրերին Հայաստանում գտնվող Բոստոնի համալսարանի պրոֆեսոր, նյարդաբան Վիկեն Բաբիկյանը, Կանադայի Ալբերտայի համալսարանի նյարդաբանության դոցենտ Միքայել Սքոն Մուրաթօղլուն, որոնք նաև Հայաստանում գլխուղեղի կաթվածի բուժման արդյունավետության բարձրացման և կառավարման համակարգող խորհրդի անդամներ են, բուժհաստատություններ կատարած այցերի ընթացքում վերհանել են այն բոլոր խնդիրները, որոնց ուղղությամբ աշխատելու տեղ կա: Միքայել Սքոն Մուրաթօղլուի խոսքով՝ աշխատանք կա կատարելու մի քանի ուղղությամբ:

«Առաջինը պետք է լայն իրազեկման աշխատանք կատարել հասարակության շրջանում, կրթել մարդկանց, ներկայացնել կանխարգելիչ միջոցառումները: Հաջորդը պետք է համակարգը զարգացնել և երրորդը՝ բարձրացնել մասնագիտական հմտությունների մակարդակը» ,-ասաց Միքայել Սքոն Մուրաթօղլուն:

Հայաստանում գտնվող Բոստոնի համալսարանի պրոֆեսոր, նյարդաբան Վիկեն Բաբիկյանը կարևորեց իրազեկման գործընթացները: Նա ընդգծեց, որ պետք է շարունակաբար տեղեկացնել առողջ ապրելակերպի, բուժման կարևոր շեշտադրումները:

«Հաճախ ենք խոսում առողջ ապրելակերպի մասին, սակայն մարդիկ պետք է հասկանան, որ դա ամենակարևոր գործոնն է: Անպայման պետք է հետևեն սննդակարգին, ապահովեն ֆիզիկական ակտիվություն: Յուրաքանչյուր անձ շաբաթը երեք ժամ պետք է մարզվել: Դրանից բացի, պետք է հրաժարվել ծխախոտից, և սննդակարգում նվազեցնել աղի քանակը»,-ասաց մասնագետը: Նա կարևորեց նաև բուժման ընթացքին հետևողական լինելը: Քիչ չեն դեպքերը, երբ կաթվածի պարագայում բժիշկները միջամտում են, փրկում են մարդու կյանքը, սակայն դեղերը ժամանակին չխմելու, առողջությանը չհետևելու համար կրկին նույն խնդրի առաջ են կանգնում:

Առաջիկա անելիքները նախանշելուց զատ, մասնագետները շտապում են նաև ներկայացնել մինչ այժմ ծրագրի շրջանակում գրանցած արդյունքները: Հայաստանում գլխուղեղի կաթվածի բուժման արդյունավետության բարձրացման և կառավարման համակարգող խորհրդի նախագահ Նունե Եղիազարյանը տեղեկացրեց, որ արդյունքները գոհացուցիչ են: Նկատվում է ինչպես կաթվածից մահացության ցուցանիշի նվազում, այնպես էլ բուժառուների կյանքի որակի բարելավում:

«Մահացության ցուցանիշը հիվանդանոցներում տատանվում էր 30-40 տոկոսի շրջանակում: Ծրագիրը ներդնելուց հետո այդ ցուցանիշը հասել է 20 տոկոսի: Թեպետ ասեմ, որ իր ազդեցությունն ունի նաև կաթվածի նկատմամբ ուշադրության ավելացումը, բժիշկները սկսել են ավելի խորությամբ հետազոտել հիվանդներին»,-ասաց Նունե Եղիազարյանը: Նրա խոսքով՝ կաթվածի բուժման նորագույն մոտեցումներից է համարվում անոթի լուսանցքի բացման տակտիկան: Բուժման այդ եղանակները մեծ արդյունավետություն ունեն և օգնում են խուսափել հաշմանդամությունից: Դրանք բավական թանկ արժեն, սակայն պետության հովանավորությամբ հասանելի են դառնում բուժման կարիք ունեցող քաղաքացիների համար:

Կանադայից և ԱՄՆ-ից եկած հայազգի մասնագետները նկատեցին, որ Հայաստանում գրանցած ցուցանիշները, թե մահացության թվի կրճատման, թե բուժառուների կյանքի որակի բարելավման տեսանկյունից, մոտ են եվրոպական, կանադական, ամերիկյան բժշկական կենտրոնների տվյալներին: Եթե նախկինում կաթվածի հետևանքով մարդիկ չէին կարողանում վերադառնալ աշխատանքին, առօրյա գործերին, ապա այսօր արդեն բուժման արդյունավետության շնորհիվ պատկերն այլ է:

  • Կիսվել: