հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Լոռու մարզում վարորդը Mercedes-ով 5 մետր բարձրությունից ընկել է ձորակը. նա տեղում մահացել է

Լոռու մարզում վարորդը Mercedes-ով 5 մետր բարձրությունից ընկել է ձորակը. նա տեղում մահացել է

Այսօր՝ մարտի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 16:10-ի սահմաններում Բարիտ թաղամաս- Ախթալա քաղաք ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում Ախթալա քաղաքի բնակիչ, 33-ամյա Լորիկ Մ.-ն իր վարած Mercedes մանկիշի 35 AՏ 477 համարանիշի ավտոմեքենայով, ըստ նախնական տեղեկությունների, կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 5 մետր բարձրությունից ընկել ձորակը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Լորիկ Մ.-ն տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի և բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Վարդանյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանը, սակայն նյութերը ուղարկվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը:

Փաստի առթիվ Թումանյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

  • Կիսվել: