հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2026
Եվրամիությունը 1.5 մլն եվրո կտրամադրի Սևանա լճի էկոհամակարգի բարելավման ծրագրի իրականացմանը

Եվրամիությունը 1.5 մլն եվրո կտրամադրի Սևանա լճի էկոհամակարգի բարելավման ծրագրի իրականացմանը

Եվրոպական միության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՀՀ կառավարության ներկայացուցիչները հոկտեմբերի 22-ին Երևանի «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում գործող COP17-ի Կապույտ գոտու Հայաստանի տաղավարում պաշտոնապես ազդարարեցին «ԵՄ-ն հանուն Սևանի կենսաբազմազանության պահպանության. Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման բարելավում» ծրագրի մեկնարկի մասին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագրի իրականացմանն ուղղվելու է 1․5 մլն եվրո, որն ամբողջությամբ տրամադրելու է Եվրամիությունը:

Ծրագրի մանրամասները, նպատակներն ու ակնկալվող արդյունքները ներկայացրեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։

Պաշտոնական մասին հաջորդած «Սևանա լճի կենսաբազմազանության պահպանությունը և սոցիալ-տնտեսական զարգացումը» թեմայով պանելային քննարկման մասնակիցներն անդրադարձան քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության վերականգնմանը, համայնքների ու տեղական կայուն զարգացմանը, ինչպես նաև էկոհամակարգերի վերականգնման ֆինանսավորմանը: Առանձին անդրադարձ կատարվեց Սևանա լճի վերականգնմանը, պահպանությանն ու կայուն կառավարմանն ուղղված գործնական մոտեցումներին։

Ներկայացվեց Սևանա լճի բնապահպանական վիճակի բարելավմանը միտված Հայաստանի մոտեցումը: Այս ուղղությամբ քայլերը ներառում են սանիտարական ենթակառուցվածքների զարգացման, կեղտաջրերի մաքրման համակարգերի կատարելագործման, կենսաբազմազանության պահպանության և էկոհամակարգերի վերականգնման միջոցառումներ։

Քննարկման առանցքում էր նաև բնապահպանական ներդրումների, միջազգային համագործակցության և համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման համադրումը՝ Սևանա լճի երկարաժամկետ պահպանությունն ապահովելու նպատակով։

  • Կիսվել: