հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2026
Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

Հոկտեմբերի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժին է դիմել Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Ռոզա Մ․-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում, Սիսիան քաղաքի Շահումյան փողոցի 72 շենքի մոտակայքում Սյունիքի մարզի բնակիչներ՝ 16-ամյա Ա․ Յ․-ն և 15-ամյա Է․ Գ․-ն, կրակելու նպատակով վերցրել են որդու՝ 9-ամյա Մ․ Մ․-ի մոտ եղած խաղալիք շարիկ կրակող ատրճանակը, հաղորդում է Shamshyan.com–ը։

Կինը ոստիկաններին հայտնել է, որ Է․ Գ․-ն այդ ատրճանակով մեկ անգամ կրակել է իր որդու ոտքին, իսկ Ա․ Յ․-ն մեկ անգամ կրակել է նրա գլխին։ Դրանից հետո երեխան փորձել է վերցնել խաղալիք ատրճանակը, սակայն Ա․ Յ․-ն դանակով սպառնացել է, թե կկտրի նրա մատները՝ վախեցնելու նպատակով։

Կայքի տեղեկություններով՝ Է․ Գ․-ն և Ա․ Յ․-ն ծնողների ուղեկցությամբ ներկայացվել են ոստիկանության Սիսիանի բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Սիսիանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին։

  • Կիսվել: