երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Լոռու մարզում հայտնաբերվել է առերևույթ ապօրինի ձեռք բերված փայտանյութով բեռնված 19 մեքենա. Դատախազություն

Լոռու մարզում հայտնաբերվել է առերևույթ ապօրինի ձեռք բերված փայտանյութով բեռնված 19 մեքենա. Դատախազություն

ՀՀ Լոռու մարզի դատախազության կողմից որդեգրված՝ ապօրինի անտառահատումների եւ փայտանյութի ապօրինի շրջանառության դեմ պայքարի խստացման շրջանակներում մարզի տարածքում ուժեղացվել է ոստիկանական հսկողությունն ու օպերատիվ աշխատանքը: Այս մասին  տեղեկացնում է Դատախազությունը:

Մասնավորապես, մարզի դատախազության կողմից տրված հանձնարարականների հիման վրա ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության, Գուգարքի, Վանաձոր քաղաքի Տարոնի, Բազումի եւ Սպիտակի բաժինների ոստիկանության ծառայողների կողմից իրականացված մեծածավալ, համատեղ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում 2021 թվականի հունիսի 04-ին՝ ժամը 03։00-ից 04։30-նն ընկած ժամանակահատվածում ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով Լոռու մարզի վարչական տարածքում հայտնաբերվել եւ զննության է ենթարկվել թվով 19 տարբեր տեսակի բեռնատար տրանսպորտային միջոցներ: Զննության արդյունքում հայտնաբերվել է ավելի քան 84խ/մ ծավալով առերեւույթ ապօրինի փայտանյութ։

Ստուգմամբ պարզվել է, որ նշված փայտանյութը տեղափոխած անձինք չունեն դրանց ձեռքբերման վերաբերյալ համապատասսխան փաստաթղթեր կամ եղած փաստաթղթերում ներկայացված տվյալները չեն համապատասխանել հայտնաբերված փայտանյութի իրական քանակին, ինչպես նաեւ ներկայացվել են վաղեմությամբ հին փաստաթղթեր։

Հայտնաբերված տրանսպորտային միջոցները եւ ամբողջ փայտանյութը տեղափոխվել է համապատասխան ստորաբաժանումների հատուկ պահպանվող տարածքներ։

Նշված բոլոր դեպքերով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների ընթացակարգով նախաձեռնվել են քրեաիրավական գործընթաց։

  • Կիսվել: