շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՏՀ-ի կողմից հրապարակված ՀՀ գենդերային անհավասարության 2023թ. ինդեքսը

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՏՀ-ի կողմից հրապարակված ՀՀ գենդերային անհավասարության 2023թ. ինդեքսը

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից հրապարակված ՀՀ գենդերային անհավասարության 2023թ. ինդեքսը։

 

Այսպես՝

🔹 Հայաստանի 2023թ. գենդերային անհավասարության ինդեքսը՝ 72.1%, նախորդ տարվա համեմատ չի փոփոխվել, սակայն վարկանիշային աղյուսակում մեր երկրի դիրքը վատթարացել է 3 հորիզոնականով (64-րդ՝ 2022-ի 61-րդի դիմաց)։ Հաշվի առնելով, որ նախորդ տարիներին՝ 2015-ից ի վեր, ինդեքսը շարունակաբար աճել է (բացառությամբ համավարակային 2020 թվականի), 2023-ին արձանագրված «լճացումը» խորհելու տեղիք է տալիս: 

🔹 Հայաստանի ինդեքսը գերազանցում է դրա համաշխարհային միջին մակարդակին։ Հայաստանի ինդեքսում ներառված 4 ենթաինդեքսներից մեկը՝ «Առողջություն և կյանքի տևողություն» ենթաինդեքսը ցածր է դրա համաշխարհային միջին մակարդակից։

🔹Հայաստանը «Կրթության ձեռքբերում» ենթաինդեքսով պատմական «հակառեկորդ» է արձանագրել՝ դրա այս տարվա արժեքը բոլոր 17 տարիներից ամենացածրն է։ Ի դեպ, Հայաստանում նախորդ տարվա համեմատ 2023թ. գրանցվել է այս ենթաինդեքսի 0.8 տոկոսային կետով նվազում, ինչն այս ենթաինդեքսի համար շատ կտրուկ փոփոխություն է համարվում. պատահական չէ, որ դրա պատճառով այս ենթաինդեքսի գծով վարկանիշային դիրքը վատթարացել է միանգամից 48 հորիզոնականով։ Նվազման պատճառը տարրական կրթական համակարգում ներգրավվածության ցուցիչի գծով արձանագրված նահանջն է. այն 2022-ի 99.8%-ի դիմաց կազմել է 98.2%, ինչի հետևանքով Հայաստանն այս ցուցիչի գծով 33 հորիզոնականի անկում է գրանցել։

Կրթության ոլորտի բացասական զարգացումները, թերևս, վկայում են այն մասին, որ գործող իշխանությունների այս ոլորտում վարած քաղաքականությունը հակառակ` բացասական ազդեցություն է գրանցում կրթության ասպարեզում խորհրդային ժամանակներից փոխանցված ժառանգության վրա։

 

🔹«Կենտրոնական Ասիա» տարածաշրջանի 7 երկրների շարքում Հայաստանն առաջատարն է, քանի որ այս տարվանից այլ խմբում են ներառվել Մոլդովան և Բելառուսը, որոնց ինդեքսն ավանդաբար ավելի բարձր է։

🔹Համաշխարհային գենդերային անհավասարության ինդեքսով և աշխարհում զբաղեցրած դիրքով Հայաստանը ԵԱՏՄ անդամ՝ զեկույցում ներառված երկրներից զիջում է միայն Բելառուսին:

🔹Համաշխարհային գենդերային անհավասարության 2023թ. ինդեքսով Հայաստանը գերազանցում է սահմանակից երկրներին` շնորհիվ «Քաղաքական մասնակցություն» ենթաինդեքսի, որի գծով Հայաստանն առաջին տեղում է: «Տնտեսական մասնակցություն և հնարավորություններ» ենթաինդեքսով Հայաստանը հարևաններից զիջում է Ադրբեջանին և Վրաստանին, իսկ «Կրթության ձեռքբերում» ենթաինդեքսով Վրաստանի հետ միասին առաջատարն է։ «Առողջություն և կյանքի տևողություն» ենթաինդեքսի մասով Հայաստանը, չի զիջում միայն Ադրբեջանին:

ℹ️ Վերլուծությունն ամբողջությամբ՝ https://shorturl.at/Swxxw : 

  • Կիսվել: