ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Լինել, թե չլինել, սա է խնդիրը. «ՍԻԼ Պլազայի» և Երևանի այլ պատմամշակութային կոթողների ոդիսականը

Լինել, թե չլինել, սա է խնդիրը. «ՍԻԼ Պլազայի» և Երևանի այլ պատմամշակութային կոթողների ոդիսականը

Այսօր ԶԼՄ-ում լրատվություն տարածվեց առ այն, որ Գլխավոր դատախազությունը արգելանք է դրել «ՍԻԼ Պլազայի» շենքի վրա, կառույցի սեփականաշնորհման օրինականությունը պարզելու նպատակով:

Անշուշտ այս լուրը չի կարող գոհունակություն չառաջացնել երևանցիների շրջանում և հույս ներշնչել, որ որոշումը նախադեպային կլինի և հետագայում նույն կերպ կուսումնասիրվեն մայրաքաղաքում սեփականաշնորհման անհամար կասկածելի գործարքներ ևս, որոնք բերեցին Երևանի կենտրոնի պատմամշակութային միջավայրի ոչնչացմանը: 

Անդրադառնանք, սակայն, կոնկրետ «ՍԻԼ Պլազայի» նախադեպին: ԶԼՄ-ում լուրը տարածվելուց անմիջապես հետո դրան արձագանքեց «ՍԻԼ կոնցեռնի» խոսնակ  Աննա Մկրտչյանը` հրապարակելով շենքի լուսանկարները մինչ սեփականաշնորհումը և դրանից հետո: Լուսանկարում երևում էր, որ սեփականաշնորհման պահին շենքը գտնվում էր խարխուլ, կիսաքանդ վիճակում և գուցե դատապարտված էր ոչնչացման, ինչպես Բյուզանդի (Սվերդլով), Արամի, Աբովյան, Սարյան փողոցների, Կոնդի տասնյակ նմանատիպ պատմական շենքեր:

Դժվար է ասել, ինչպիսին կլիներ այդ շենքի ապագան չսեփականաշնորհման դեպքում, գուցե այսօր նրա փոխարեն վեր կխոյանար Երևանի կենտրոնի թամանյանական կերպարին ոչ համահունչ հերթական անդեմ, անճաշակ բարձրահարկը, որոնք այսօր համատարած ողողել են նույն Արամի, Բյուզանդի, տեղ-տեղ Սարյան փողոցները: Չէ որ այդ բարձրահարկերի տեղում էլ ժամանակին գտնվում էին երևանյան փոքրիկ կոլորիտային շինություններ, գողտրիկ բակերով, որոնք նույն կերպ սեփականաշնորհվեցին, ժողովրդի լեզվով ասած «ջրի գնով», սակայն չպահպանվեցին, այլ հիմնովին քանդվեցին, սեփականատերերի համար շահութաբեր շինարարական բիզնես դառնալու նպատակով:

Իհարկե Երևանի և երևանցիների շահերից բխող ամենա ճիշտ որոշումը կլիներ, որ պետությունը` ինքը վերցներ այդ շենքերի պահպանությունը և վերակառուցումը իր վրա, կամ սեփականաշնորհելու դեպքում, դրանք գոնե գնահատվեին իրենց իրական արժեքներին համահունչ` իրենց պատմամշակութային տեսքը պարտադիր պահպանելու պայմանով: Սակայն, ցավոք, ունենք այն, ինչ ունենք, և երևի տվյալ դեպքում երևանցիներին մնում է միայն  սփոփվել այն փաստով, որ սեփականաշնորհումից հետո այս շենքն էլ չարժանացավ տասնյակ նմանատիպ պատմական կառույցների ճակատագրին` չոչնչացվեց իր տեղը հերթական անճոռնի բազմահարկին զիջելու համար:

Այսօր այդ հատուկենտ փրկված պատմական շինությունների շնորհիվ է միայն, որ մայրաքաղաք այցելած զբոսաշրջիկները առնչվում են իրական երևանյան կոլորիտին, հասկանում և հավատում, որ Երևանը հին պատմություն ու մշակույթ ունեցող քաղաք է:

P.S. Թեմայի շրջանակներում պատկան մարմինների ուշադրությունն ենք ուզում գրավել ԱԳՆ-Ի և Կապի տրանսպորտի նախարարության նախկին շենքի արդի վիճակի և նրա հետագա ճակատագրի վրա: Երկար տարիներ չշահագործվող շենքը ներկայումս գտնվում է բարձիթողի վիճակում, որոշ պատուհաններ բացակայում են, շինության Բյուզանդ փողոցի հատվածի պատերից սկսել են թափվել տուֆի քարերը, շենքի այդ հատվածը վերածվել է աղբանոցի, քաղաքի ամենակենտրոնական այդ հատվածում տիրում է գարշահոտ: Շենքի ճակատագրի նկատմամբ հետագա անուշադրությունը սպառնում է այն վերածել կիսախարխուլ, այլևս հիմնանորոգման ոչ ենթակա կառույցի: Մինչդեռ այդ շենքը Երևանի գլխավոր հրապարակի թամանյանական և համաշխարհային ճարտարապետության եզակի հուշակոթող է և հրապարակի համալիր չորս շենքերից մեկն է: Այն վնասվելու դեպքում Հանրապետության հրապարակը և մայրաքաղաքը ամբողջությամբ կկորցնեն իրենց ճարտարապետական դիմագիծը: 

  • Կիսվել: