ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Լարսը փակ է, ռուսական կողմում 632 բեռնատար է կուտակվել

Լարսը փակ է, ռուսական կողմում 632 բեռնատար է կուտակվել

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 19:16-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Տավուշի մարզի Դիլիջանի և Ոսկեպարի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։

Տավուշի մարզի Դիլիջանի և Լոռու մարզի Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են (կան կուտակումներ)։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուսների համար։

Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Արարատի մարզի Զանգակատուն-Լանջառ-Տիգրանաշեն ավտոճանապարհին, Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհին բուք է (կան կուտակումներ)։

Շիրակի, Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերում, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ և Եղեգնաձոր, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է։ Ռուսական կողմում կա մոտ 632 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: