երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կստեղծվի հանրապետության ողջ տարածքում գործող միասնական շտապ օգնության ծառայություն

Կստեղծվի հանրապետության ողջ տարածքում գործող միասնական շտապ օգնության ծառայություն

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 6-ի նիստում որոշեց «Գյումրու շտապ բուժական օգնության կայան» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել ՀՀ առողջապահության նախարարությանը և այն վերանվանել:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ շտապ բժշկական ծառայության օպերատիվությունը, հասանելիությունը և մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով նախատեսվում է ստեղծել հանրապետության ողջ տարածքում գործող միասնական շտապ օգնության ծառայություն։ Առաջին փուլում կստեղծվի կենտրոնացված կարգավարական (դիսպետչերական) միասնական հանրապետական կենտրոն:

Այդ կենտրոնի միջոցով հնարավոր կլինի ընդունել, մշակել և համապատասխան բրիգադներին փոխանցել ստացված կանչերը, վերահսկել բոլոր կանչերի ընթացքը, կանչի տևողությունը, մեքենաների ժամանման ժամանակը, կանչերի իրականացման ընթացքում հետևել մեքենաների տեղաշարժին, կանչի վայր ուղղորդել մոտակա ազատ շտապ բժշկական օգնության բրիգադը, անհրաժեշտության դեպքում կազմակերպել և կառավարել պացիենտի ստացիոնար բուժօգնության տեղափոխման գործընթացը՝ անկախ վարչատարածքային բաժանումից:

Հաջորդ էտապով նաև սպասարկող բրիգադները կկենտրոնացվեն մեկ կառույցի շրջանակում`ապահովելով ինչպես մեքենաների միասնական պարկի և աշխատուժի արդյունավետ օգտագործում, այնպես էլ`միանման ծառայություն։

Ուստի` նախատեսվում է «Գյումրու բուժական օգնության կայան» ՓԲԸ-ի կառավարման լիազորությունները փոխանցել Առողջապահության նախարարությանը՝ դրա բազայի վրա կենտրոնացված շտապ բժշկական օգնության ծառայություն ձևավորելու համար։

«Գյումրու բուժական օգնության կայանի» կառավարման լիազորությունները փոխանցելուց հետո ամբողջությամբ պահպանվելու են կայանի գործառույթները և բնականոն աշխատանքները։ Կայանը շարունակելու է շտապ բժշկական օգնության ծառայություններ մատուցել Գյումրի քաղաքի բնակչությանը։

  • Կիսվել: