շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կրակոցներ Արագածոտնի մարզում. վրանում հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով տղամարդու դի

Կրակոցներ Արագածոտնի մարզում. վրանում հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով տղամարդու դի

Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում և Ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Ամբերդ» ամրոցի մոտ սպանություն է տեղի ունեցել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանը, վարչության պետի տեղակալ Հովսեփյանը, ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Մարտիրոսյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Հավհաննիսյանը: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը ժամանել է նաև Արագածոտնի մարզի դատախազի տեղակալ Հարությունյանը:Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային  ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները:

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Կարեն Գրիգորյանի, վարչության պետի տեղակալ Ստեփան Սիմոնյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովսեփ Հարությունյանի գլխավորությամբ:Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և Աշտարակի փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ճանապարհը «Ամբերդ» ամրոցից դեպի սպանության վայր մոտ 4 կմ-անոց հատված էր, որտեղ հասնելու համար իրավապահները մեծ դժվարությամբ անցան, մոտ 1 կմ-անոց հատված էլ անցան ոտքով: Արդեն տեղում՝ որպես արոտավայր օգտագործվող տարածքում տեղադրված պոլիէթիլենային սավաններով պատրաստված տնակում տեղադրված մահճակալին, գլխի մասը ամբողջովին ջնջխված, հայտնաբերել են տղամարդու դի: Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 58-ամյա Արթուր Թ.-ն է:

Մինչ դատաբժիշկը դեպքի վայրում կաշխատեր, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության  բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներով սպանությունը կատարելու համար ծագած հիմնավոր կասկածանքով Օրգով գյուղի սարերից մեկում հայտնաբերում են կասկածյալին՝ Կոտայքի մարզի բնակիչ 57-ամյա Վարուժան Գ.-ին:

Դեպքի վայրում քննիչները հայտնաբերում են հանցագործության գործիք որսորդական հրացանը և կրակված 1 պարկուճ՝ վրանի մեջ, իսկ 1 պարկուճն էլ հայտնաբերվում է հրացանի մեջ: Տեղում փորձաքրեագիտական աշխատանքներ է կատարել ավագ փորձագետ Ղուկասյանը:Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կասկածյալը ոստիկանության Աշտարակի բաժնից ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ քննիչի որոշմամբ ձերբակալվել է:Դին գյուղացիների և փրկարարների օգնությամբ որոշ հատվածներ ոտքով մոտեցվեց օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի դիատարին:

 Թե ի՞նչն է եղել սպանության պատճառը՝ նախաքննության շահերից ելնելով չենք հայտնում։

  • Կիսվել: