շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կոտայքում երթուղային միջոցների թիվը կավելացվի. ի՞նչ բարեփոխումներ են սպասվում մարզային տրանսպորտային համակարգում

Կոտայքում երթուղային միջոցների թիվը կավելացվի. ի՞նչ բարեփոխումներ են սպասվում մարզային տրանսպորտային համակարգում

Հայաստանի մարզային տրանսպորտային համակարգում իրականացվող բարեփոխումների շրջանակում յուրաքանչյուր մարզի միջհամայնքային երթուղիները սպասարկելու է մեկ ընկերություն:

Հրավիրված ասուլիսում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանը նշեց, որ այս փուլում իրականացվում են մարզերում միասնական օպերատորների ընտրության մրցույթներ:

«Մարզերում ներդնում ենք միասնական օպերատորի համակարգ: Ավելի կոնկրետ՝ մարզի բոլոր միջհամայնքային երթուղիները սպասարկում է մեկ ընկերություն: Այս պահի դրությամբ արդեն մրցույթներ են իրականացվել երեք մարզում՝ Կոտայքում, Արարատում, Արմավիրում: Արմավիրում երկու մասով է անցկացվել՝ Վաղարշապատի տարածաշրջան ու Արմավիրի տարածաշրջան»,- ասաց Խաչիկ Սողոմոնյանը:

Ամփոփելով մրցույթների արդյունքները՝ Խաչիկ Սողոմոնյանը նշեց, որ Կոտայքի մարզում կա հաղթող ընկերություն՝ «Մուլտի տրանսպորտ», որն արդեն բերել է տրանսպորտային միջոցների մեծ մասը: Կոտայքում նախատեսված էր 150  տրանսպորտային միջոց, 110-ն այս պահին շահագործվում է, 40-ը ճանապարհին է: Վերլուծությունները ցույց տվեցին, որ անհրաժեշտություն կառաջանա լրացուցիչ տրանսպորտային միջոցներ ներգրավելու՝ պայմանավորված ուղևորահոսքի մեծացմամբ: Կոտայքում նոր տրանսպորտային միջոցների ներգրավումից հետո վերանայվել են ուղետոմսի գները: Մի շարք ուղղություններում թանկացում է գրանցվել:

Արարատի մարզում ևս անցկացվել է մրցույթ, որտեղ եղել է հաղթող, սակայն արդյունքները վիճարկվում են, և դատական գործընթաց է սկսվել: Դա ենթադրում է, որ գործընթացը ժամանակավորապես կանգ է առել:

Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում անցկացված մրցույթում կա հաղթող ընկերություն, որը մասնակցել է երկու տարբերակով՝ փաստացի տրասնպորտային միջոցներով և այն պարտավորությամբ, ըստ որի, պետք է բերեն տրանսպորտային նոր միջոցներ: Դրանք արդեն Հայաստանում են, առաջիկայում կարվի գնահատում՝ պարզելու համար, թե արդյոք դրանք համապատասխանո՞ւմ են սահմանված չափանիշներին:

Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանում մրցույթում հաղթող չէր ճանաչվել, այդ պրոցեսը ևս գտնվում է դատական փուլում: Մասնակցող ընկերություններն ունեին խախտումներ, դրա համար հանձնաժողովը որոշել է հաղթող չճանաչել: Ընկերություններն էլ վիճարկել են հանձնաժողովի որոշումը:

Ինչ վերաբերում է մյուս մարզերին, ապա մրցույթների ընթացքը դադարեցվել էր՝ պայմանավորված համայնքների խոշորացմամբ: Անհրաժեշտություն եղավ վերանայել երթուղիները: Այժմ այդ հարցի ուղղությամբ է աշխատանք տարվում, և առաջիկայում Արագածոտնի մարզում ևս կհայտարարվի մրցույթ: Կհաջորդեն Շիրակի, Տավուշի մարզերը:

«Ընթացքում ուսումնասիրում ենք այն խնդիրները, խոչընդոտները, որոնք ազդում են մրցութային գործընթացի վրա, ու փորձում ենք դրանք արագ շտկել, փոփոխություններ կատարել համապատասխան իրավական ակտերում»,- ասաց Խաչիկ Սողոմոնյանը:

  • Կիսվել: