ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կներդրվի Երևանի սոցիալական պաշտպանության նոր համակարգ (տեսանյութ)

Կներդրվի Երևանի սոցիալական պաշտպանության նոր համակարգ (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանի պատվերով ձևավորված փորձագիտական թիմը ՅՈՒՆԻՍԵՖ և Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությունների աջակցությամբ իրականացրել է հետազոտություն`Երևանի սոցիալական պաշտպանության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

Համակարգի վերլուծության արդյունքները ներկայացվել են Երևանի ավագանու խմբակցությունների քննարկմանը:

Ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Հովհաննիսյանը նշել է, որ նախաձեռնության նպատակը Երևանում երեխաների և սոցիալական պաշտպանության ոլորտներում համակարգի բարեփոխումներին աջակցելն է: Նոր համակարգով առաջարկվում են գործուն մեխանիզմներ՝ ուղղված քաղաքային կառավարման կառուցվածքային փոփոխություններին, տեղական մակարդակում նշված համակարգի արդյունավետ բարելավմանը, բազմակողմանի համագործակցությանը, ինչպես նաև՝ համայնքային սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացմանը:

Համակարգային փոփոխության հաջորդ քայլը ներկայիս Սոցիալական ապահովության վարչության ու Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի փոխարեն Երեխայի և սոցիալական պաշտպանության վարչություն ձևավորելն է, որն էլ վարչական շրջանների նորաստեղծ՝ երեխայի, սոցիալական պաշտպանության և առողջապահության բաժինների հետ համատեղ ոլորտային ծրագրեր կիրականացնի մայրաքաղաքում:

Քննարկման շրջանակում Երևանի ավագանու անդամները հարցեր են ուղղել ոլորտի մասնագետներին, ինչպես նաև ներկայացրել իրենց առաջարկներն ու դիտարկումները:
Նախատեսվող կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ որոշման նախագիծն առաջիկայում կներկայացվի ավագանու հաստատմանը:

 

  • Կիսվել: