չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ԿԽՄԿ-ի միջոցով Ադրբեջանում պահվող գերիները տեսահաղորդագրություն են փոխանցել ընտանիքներին

ԿԽՄԿ-ի միջոցով Ադրբեջանում պահվող գերիները տեսահաղորդագրություն են փոխանցել ընտանիքներին

44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանում գերեվարված անձինք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով տեսահաղորդագրություն են փոխանցել իրենց ընտանիքներին: Հարազատների հետ կապի այս միջոցն առաջին անգամ է գործարկվել: Ադրբեջանում պահվող հայերին հնարավորություն է ընձեռվել նաև հեռախոսով կապ հաստատել հարազատների հետ:

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Լուրերի» հետ զրույցում նշել է, որ հարազատների հետ կապ հաստատելու հնարավորություն է տրվել անձանց, որոնց գերության փաստն Ադրբեջանը հաստատել է, և որոնց Կարմիր խաչի Բաքվի գրասենյակից պարբերաբար այցելում են:

«Տեսագրությունների միջոցով հաղորդագրություններ ուղարկել. սա նոր ձևաչափ է, որը կոմիտեի աշխատակիցները կարողացան կիրառել: Կարող ենք հույս հայտնել, որ միջոցները կկարողանանք կիրառել, քանի դեռ մարդիկ անազատության մեջ են: Տվյալ դեպքում ընտանիքին տեսնել, հարազատին, ոչ միայն գրավոր, իր ձեռագրով գրած նամակով: Նախատեսում ենք, որ հնարավորության դեպքում նման հաղորդագրություններով նաև հարազատները կիսվեն նրանց հետ, որոնք պահվում են Ադրբեջանում»,- ասել է նա:

Ավելի վաղ InfoPort.am-ը հայտնել էր, որ Արցախում տեղակայված Ռուսական խաղաղպահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի ջանքերով Ադրբեջանում գտնվող հայ գերիները հեռախոսազրույց են ունեցել իրենց հարազատների հետ։

  • Կիսվել: