Որ ակումբները դարձան չեմպիոն թոփ լիգաներում
Մրցաշրջանը թոփ լիգաներում մոտենում է ավարտին, իսկ Լիգա 1-ում ու Բունդեսլիգայում այն ավարտվել է։ Դեռ կան չպարզված որոշ հարցեր, օրինակ՝ ո՞ր թիմերն են մասնակցելու եվրագավաթներին, կամ ո՞ր թիմերը կլքեն առաջնությունը․․․ Բայց բոլոր լիգաներում արդեն իսկ հայտնի են չեմպիոնները։ Այս մասին հայտնում է Armsport-ը։

ԱՊԼ
«Լիվերպուլը» ժամանակից շուտ ապահովեց Անգլիայի Պրեմիեր լիգայի տիտղոսը։ Այսպիսով, «Լիվերպուլը» պատմության մեջ 20-րդ անգամ հռչակվել է Անգլիայի չեմպիոն՝ այս ցուցանիշով հավասարվելով «Մանչեսթեր Յունայթեդին»։ Այս թիմերը Պրեմիեր լիգայի պատմության մեջ չեմպիոնական ամենաշատ տիտղոս նվաճած թիմերն են։ «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին անգամ Պրեմիեր լիգայում առաջին տեղը զբաղեցրել է 2012/2013 մրցաշրջանում։
Լա լիգա
Այստեղ ևս չեմպիոնը որոշվել էր վաղաժամ։ Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի հանդիպմանը «Բարսելոնան» հյուրընկալվելիս վստահ հաղթանակ տարավ «Էսպանյոլի» նկատմամբ (2-0)՝ պատմության մեջ 28-րդ անգամ նվաճելով Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը։ Կատալոնական ակումբը թոփ լիգաներում ՊՍԺ-ի հետ միասին միակ թիմն է, որն այս մրցաշրջանում բացի չեմպիոնությունից նաև հաղթել է Գավաթի մրցաշարում։
Ա Սերիա
Թոփ լիգաներից միայն մեկում է չեմպիոնը որոշվել վերջին տուրում։ Իտալական Ա Սերիայի վերջին` 38-րդ տուրում, «Նապոլին» սեփական հարկի տակ ընդունել է «Կալյարիին» և 2 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։ Այսպիսով, նեապոլիտանացիները պատմության մեջ 4-րդ անգամ հռչակվել են Իտալիայի առաջնության հաղթող․ 2024/15 մրցաշրջանը թիմն ավարտել է 82 միավորով միաձնյա գլխավորելով աղյուսակը՝ մեկ միավորով առաջ անցնելով «Ինտերից»։ Դրանով «Նապոլին» սահմանեց Իտալիայի առաջնության ռեկորդ 20 ակումբների մասնակցությամբ մրցաշարում։ Փաստն այն է, որ նախորդ առաջնությունում «Նապոլին» զբաղեցրեց ընդամենը տասներորդ տեղը։ Եվ մինչ այս ոչ մի թիմի երբեք չի հաջողվել մրցաշրջանն ավարտել տասներորդ տեղում, իսկ հաջորդ տարի նվաճել չեմպիոնական տիտղոսը։
Բունդեսլիգա
Մյունխենի «Բավարիան» ապահովեց Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը՝ Բունդեսլիգայի 32-րդ տուրում Լևերկուզենի «Բայերի» միավոր կորցնելու շնորհիվ: «Ֆրայբուրգի» և «Բայերի» խաղն ավարտվեց 2-2 հաշվով: «Բավարիան» մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ անհասանելի դարձավ «Բայերի» համար և նվաճեց ռեկորդային՝ 34-րդ տիտղոսը Բունդեսլիգայում։
Լիգա 1
ՊՍԺ-ն ևս ժամանակից շուտ դարձել է ֆրանսիական Լիգա 1-ի հաղթող. փարիզյան թիմն առաջնության ավարտից երեք տուր առաջ ապահովել է տիտղոսը։ Ապրիլի 28-ին կայացել է Ֆրանսիայի Լիգա 1-ի 31-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպել են «Լիոնն» ու «Մոնակոն» և ավարտվել է տանտերերի՝ 3-2 հաշվով հաղթանակով։ Սա փարիզյան ակումբին երաշխավորել է Լիգա 1-ի չեմպիոնի տիտղոսը՝ երրորդ մրցաշրջանն անընդմեջ և ռեկորդային՝ 13-րդ անգամ։ Փարիզցիները նաև դասական թրեբլի միակ հավակնորդներն են, որը ենթադրում է Չեմպիոնների լիգայի, առաջնության և ազգային գավաթի հաղթանակ․ վերջին երկուսն Էնրիկեի թիմն արդեն հաղթել է։ ՉԼ-ի եզրափակիչում ՊՍԺ-ն կհանդիպի «Ինտերի» հետ։