Մալթան պատրաստվում է ճանաչել Պաղեստինի անկախությունը
Մալթայի վարչապետ Ռոբերտ Աբելան հայտարարել է, որ իր երկիրը մոտ ապագայում կճանաչի Պաղեստինի անկախությունը:
Մալթայում արդեն Պաղեստինի դեսպան կա, և 2024 թվականին երկիրը պաշտպանել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևը, որը ճանաչում է Պաղեստինի՝ կազմակերպությանը լիիրավ անդամակցության իրավունքը, բայց դեռ պաշտոնապես չի հայտարարել Պաղեստին պետության ճանաչման մասին:
Ըստ Աբելայի՝ հայտարարությունը կհրապարակվի հունիսի 20-ին Սաուդյան Արաբիայի և Ֆրանսիայի կողմից ՄԱԿ-ի աջակցությամբ կազմակերպված միջազգային համաժողովում։ Մալթայի իշխանությունների ներկայացուցիչները հասկացրել են, որ իրենց երկիրը միակը չի լինելու, որը կհայտարարի Պաղեստինի ճանաչման մասին համաժողովում։
Ըստ Axios-ի՝ Ֆրանսիան նույնպես մտադիր է հունիսին ճանաչել Պաղեստինի անկախությունը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է 2025 թվականի ապրիլին «առաջիկա ամիսներին» նման հայտարարություն անելու պլանների մասին։
Հիշեցնենք, որ 2024 թվականին Նորվեգիան, Իռլանդիան, Իսպանիան և Սլովենիան հայտարարեցին Պաղեստինի անկախության ճանաչման մասին։