հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Կհստակցեվի բժշկասոցիալական փորձաքննության գործընթացը

Կհստակցեվի բժշկասոցիալական փորձաքննության գործընթացը

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ բժշկասոցիալական փորձաքննության գործընթացը հստակեցնելու և առավել օբյեկտիվ ու միասնական որոշումներ կայացնելու նպատակով:

Հիմնավորման համաձայն՝ որոշմամբ հաստատված բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչներով սահմանված են համապատասխան ցանկեր, որոնց դեպքում 2 կամ 4 տարի դիտման պայմաններում հաշմանդամության խմբերը սահմանվում են անժամկետ, իսկ «հաշմանդամ երեխա» կարգավիճակը՝ մինչև 18 տարին լրանալը:

Սակայն այդ ցանկերով սահմանված հիվանդությունները և ախտաբանական վիճակները հաճախ չեն համապատասխանում երեխաների տարիքային առանձնահատկություններին:

Միաժամանակ կան հիվանդություններ և ախտաբանական վիճակներ, որոնց «հաշմանդամ երեխա» կարգավիճակը 2 տարի ժամկետով սահմանելը նպատակահարմար չէ, քանի որ բուժական (այդ թվում վիրահատական) և վերականգնողական միջոցառումների արդյունքները հնարավոր է գնահատել մինչև 5 տարի դիտման պայմաններում։

Ըստ այդմ, հաշվի առնելով երեխաների զարգացման առանձնահատկությունները, առաջարկվում է սահմանել ցանկեր, որոնց դեպքում մինչև 18 տարեկան երեխաների հաշմանդամությունը կսահմանվի հստակ ժամկետներով: Ցանկերը սահմանելիս հաշվի են առնվել մի շարք գործոններ՝ հիվանդությունների զարգացման ընթացքը, երեխաների տարիքային առանձնահատկությունները, ժամանակակից բժշկության նվաճումները և այլն:    

Մշակվել է հիվանդությունների և ախտաբանական վիճակների ցանկ, որոնց դեպքում ախտորոշման վերջնական ճշտման (վաղ մանկական աուտիզմ), բուժական,այդ թվում վիրահատական և վերականգնողական միջոցառումների, կոխլեար իմպլանտացիայի, լսողական սարքերի օգտագործման արդյունավետությունը գնահատելու համար անհրաժեշտ է առնվազն 5 տարի ժամանակահատված, որի ընթացքում «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցողները վերափորձաքննության չեն ենթարկվի և հնարավորություն կունենան ստանալու բուժական վերականգնողական սոցիալական ծառայություններ, իսկ հերթական վերափորձաքննության արդյունքում կգնահատվի վերականգնողական միջոցառումների արդյունքները և ֆունկցիոնալ սահմանափակումների աստիճանը։ Առաջարկվում է նաև հստակեցնել անժամկետ հաշմանդամություն սահմանելու դեպքերը:

 

 

  • Կիսվել: