կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Խոշոր հրդեհ Երևանում․ ԱՄՆ դեսպանատան դիմաց կրակը տեսանելի է մի քանի 100 մետրից

Խոշոր հրդեհ Երևանում․ ԱՄՆ դեսպանատան դիմաց կրակը տեսանելի է մի քանի 100 մետրից

Այսօր՝ մարտի 12-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության  փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Իսակովի պողոտայում, ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 1 և թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատներից՝  1-ական մարտական հաշվարկ։

Լրացուցիչ ժամանել է ևս մեկ մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն  վաշտի ավագ պարեկ Ալեքսան Գասպարյանն ու պարեկ Միշա Խաչատրյանը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կրակը տեսանելի է մի քանի 100 մետրից և մեծ արագությամբ է տարածվում, սակայն  հրշեջ փրկարարները, ինչպես նաև նրանց միացած պարեկները վտանգելով իրենց կյանքը կանխել են կրակի տարածումը։ Այս պահին ամբողջությամբ հրդեհը մեկուսացված է, սակայն  հրշեջները շարունակում են իրենց աշխատանքը։

Ըստ նախնական տեղեկությունների այրվել է մոտ 3000 քառակուսի մետր խոտածածկույթ և ծառեր, սակայն հրշեջների ու պարեկների աշխատանքի շնորհիվ  կրակի տարածումը ավելի մեծ հատված չի ընդգրկել։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։

  • Կիսվել: