Կստովոյի շրջանում գտնվող արդյունաբերական ձեռնարկությունը զգալի վնասներ է կրել ԱԹՍ-ների զանգվածային հարձակման հետևանքով. Նիկիտին
Նիժնի Նովգորոդի մարզի Կստովոյի շրջանում գտնվող արդյունաբերական ձեռնարկությունը զգալի վնասներ է կրել անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման հետևանքով: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է նահանգապետ Գլեբ Նիկիտինը։
Հետևանքները վերացնելու համար ներգրավվել են անհրաժեշտ ուժերն ու միջոցները, տեղերում աշխատում են օպերատիվ ծառայությունները։
Նահանգապետի խոսքով՝ մարզի օդային տարածքի պաշտպանությունը շարունակվում է: Նա բնակիչներին կոչ է արել պահպանել անվտանգության կանոնները։
Իրենց հերթին ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են, որ հարձակման թիրախը կարող էր լինել Կստովոյում գտնվող «Լուկօյլ-Նիժեգորոդնեֆտեօրգսինթեզ» նավթավերամշակման գործարանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին:


