չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Խոշոր ավտովթար Երևանում՝ բախվել են Toyota Camry-ն ու BMW-ն, կան վիրավորներ. BMW-ի վարորդը եղել է խմած

Խոշոր ավտովթար Երևանում՝ բախվել են Toyota Camry-ն ու BMW-ն, կան վիրավորներ. BMW-ի վարորդը եղել է խմած

Այսօր՝ ապրիլի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:15-ի սահմաններում Արտաշատի խճուղում՝ թիվ 28 էլեկտրասյան դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 33-ամյա Դավիթ Հովսեփյանի վարած BMW և 43-ամյա Արայիկ Դ.-ի վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը՝ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատարի պաշտոնակատար Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Վալտեր Գևորգյանն ու Արման Խալաթյանը: Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Գ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ BMW-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմած) վիճակում, իսկ Toyota-ի վարորդը՝ սթափ: BMW-ի վարորդը 1 ամիս առաջ ոչ սթափ վիճակում ավտոմեքենան վարելու համար ենթարկել է վարչական պատասխանատվության: Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորների ինքնությունը: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք: 

  • Կիսվել: