հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Opel Zafira-ն ու ՎԱԶ-2106-ը. կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Opel Zafira-ն ու ՎԱԶ-2106-ը. կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15:40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3  ավտոճանապարհի 78 կմ հատվածում բախվել են Opel Zafira և ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Ապարան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, որից հետո վիրավորներից մեկին քաղաքացիների օգնությամբ պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի, վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի և դասակի հրամանատար Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել և երթևեկությունը կարգավորում են նույն վաշտի ավագ պարեկ Անդրանիկ Գալստյանն ու կրտսեր պարեկ Հովսեփ Սարդարյանը։

Պարեկների մեծ թվով ժամանման պատճառը նրանում է, քանի որ վթարի հետևանքով երթևեկությունը դարձել է միակողմանի և պարեկների ու ոստիկանության Ապարանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչներ Նարեկ Հակոբյանի և Հենրիկ Կարապետյան շնորհիվ է, որ երթևեկությունը կարգավորվել է։

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Ապարանի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը։

Վթարի մասին ոստիկանության Ապարանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունը ու մարզային քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

  • Կիսվել: