շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում ավարտվել է արևմտահայ գրականությանը նվիրված միամսյակը

Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում ավարտվել է արևմտահայ գրականությանը նվիրված միամսյակը

Արևմտահայ գրականությունը ժամանակակից պատանիների շուրթերով մեկ անգամ ևս ընդգծեց, որ առանց ազգային մշակույթը լիարժեք ճանաչելու՝ անհնար է մեր ինքնության պահպանումն ու առաջընթացը. երեխաներին արևմտահայ գրական ժառանգությանը և արևմտահայերենին ծանոթացնելու և մտերմացնելու առաքելությունն էր ստանձնել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը մայիս ամսին արևմտահայ գրականությանն ու արևմտահայերենին նվիրված միջոցառումների իրականացմամբ։

Գրադարանում կազմակերպվել են արևմտահայ գրողներ Միսաք Մեծարենցին, Պետրոս Դուրյանին և Գրիգոր Զոհրապին նվիրված ցերեկույթներ ու բաց դասեր։ Տեղի է ունեցել «Սփյուռք» մատենաշարի գրքերի շնորհանդեսը «Էդիթ Պրինտ» հրատարակչության հետ համագործակցությամբ. ներկայացվել են մատենաշարով հրատարակված Հարութ Կոստանդյանի, Նիկողոս Սարաֆյանի, Շահան Շահնուրի, Հակոբ Մնձուրու և Զապել Եսայանի գործերը, անդրադարձ է եղել Դանիել Վարուժանի, Միսաք Մեծարենցի, Գրիգոր Զոհրապի, Սիամանթոյի և Ռուբեն Սևակի հայտնի երկերին:

Գրադարանի հյուրերը դիտել են արևմտահայերեն մուլտֆիլմեր ու ֆիլմեր, ունկնդրել արևմտահայերենով գրված հեքիաթներ ու երգեր։

Արևմտահայ գրականության ծրագրին զուգահեռ «Ոչ նյութական մշակութային ժառանգություն» ծրագրի շրջանակում կազմակերպվել են նաև աշուղական արվեստի զարգացման մեջ մեծ դեր ունեցած աշուղներ Սայաթ-Նովային, Ջիվանուն, Շերամին, Շահենին և Հայկազունուն նվիրված միջոցառումներ։

  • Կիսվել: