չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Խաշթառակի դեպքի հետ կապված անելիք կա օրենքի մակարդակում. պատգամավոր

Խաշթառակի դեպքի հետ կապված անելիք կա օրենքի մակարդակում. պատգամավոր

«Մեդիա կենտրոնի» տեսակապի միջոցով այսօր կազմակերպված՝ «Խաշթառակի երեխայի մահը՝ ահազանգ պետությանը. հե՜յ, ո՞վ կա այդտեղ» թեմայով քննարկման ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանն ասաց, որ Խաշթառակի դեպքի հետ կապված տեսնում է անելիք թե´ օրենքի մակարդակում, այսնինքն Ազգայի ժողովի, թե՛ նաև ենթաօրենսդրական ակտերում կառուցակարգերը բարելավելու:

Նրա խոսքով՝ ֆիքսված է, որ խնամակալության և հոգաբարձթյան մարմինները համայնքների ղեկավարներն են, և նրանք ունեն մանդատ իրենց համայնքում երեխաների շահերի պաշտպանության համար: Այսինքն, ըստ Կարապետյանի, սա ոչ միայն տրամաբանությունից է բխում, որ համայնքի ղեկավարը ավելի մոտ է խնդրին, և ավելի տեսանելի ու ավելի տրամաբանական կլինի, որ նա լինի առաջնային պատասխանատուներից մեկը, այլև այդպես ամրագրված է իրավական ակտերի մեջ:

Մարիա Կարապետյանը համաձայնեց մնացած բանախոսների հետ, որ այդ համայնքի ղեկավարին կից գործող խնամակալության և հոգաբարձության խորհուրդը վճարովի աշխատանք չէ, թեև ենթադրում է և կրկին ամրագրված է իրավական ակտերում, որ պետք իր մեջ ներառի մասնագիտացված անձանց. «Այսինքն ոչ թե համայնքի քաղաքացիներն են հավաքվում և խորհուրդ կազմում, այլ նրանք թե´ սոցիալական աշխատողներ կարող են լինել, թե´ մանկավարժներ, հ/կ ներկայացուցիչներ, բայց գուցե հիմնական խնդիրներից մեկը սա է, որ չկա հաստիք, վճարում և հստակ պատասխանատվություն:

՛՛Այս խնդիրը բազմաշերտ է այն առումով, որ ընտանիքն ունի մի քանի խոցելիություն` սոցիալական ապահովության խնդիր, նաև ընտանիքի որոշ անդամներ հոգեկան առողջության խնդիրներ ունեն: Այստեղ էլ կրկին համայնքի աշխատակիցները կարող էին այլ գործիքակազմ կիրառել, գուցե ծնողական իրավունքի սահմանափակում, եթե դրա անհրաժեշտությունը կար` ելնելով առողջական խնդիրներից, կամ պատրոնաժի նշանակում, որը ևս իրավական ակտերով նշանակվում է, աջակցելու համար այդ ծնողներին և իրականացնելու իրենց ծնողական պարտականությունները, բնականաբար անընդհատ մոնիթորինգի տակ պահելու այս ողջ գործընթացը, նաև զգալու այն պահը, երբ երեխաների համար նրանց ընտանիքում առողջությանը և կյանքին անմիջական վտանգ է սպառնում՛՛,-ասաց Կարապետյանը:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում օգոստոսի 18-ին տանը դաժանաբար ծեծի ենթարկված երեեխաներից 6-ամյա տղան, այդպես էլ գիտակցության չգալով, մահացավ: Նա Երևան էր տեղափոխվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, երեխաների պապիկին ձերբակալել են, նշենք, որ օգոստոսի 19-ին նույն ընտանիքի 5 երեխաներին թունավորմամբ տեղափոխել են Երևամի Մուրացանի հիվանդանոց, երեխաների մայրը 28-ամյա Մարիաննան նույնպես բերման է ենթարկվել, հորն ու դստերը մեղադրանք է առաջադրվել:

 

  • Կիսվել: