չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցչին

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցչին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչ տիկին Մարիեն Քլարկ Հաթինգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նախարար Վահրամ Դումանյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ բարձր է գնահատում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության գործունեությունը: ԿԳՄՍ նախարարը փաստել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցության հարուստ փորձի մասին և վստահություն հայտնել, որ իր պաշտոնավարման օրոք այդ հարաբերությունները կշարունակվեն զարգանալ. «Կան բոլոր նախադրյալները ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ մեր կայացած համագործակցությունը նաև հետայսու շարունակելու և ընդլայնելու համար: Հետպատերազմյան շրջանի և կորոնավիրուսի համավարակի հարուցած դժվարությունների հաղթահարման ու ներկայիս մարտահրավերներին դիմակայելու տեսանկյունից մեր արդյունավետ համագործակցությունը խիստ կարևոր է»:

ՀՀ-ում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչ տիկին Մարիեն Քլարկ Հաթինգը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել համագործակցության շարունակության պատրաստակամությունը. «ԿԳՄՍ նախարարությունը Հայաստանում մեր հիմնական գործընկերներից է: Պատրաստ ենք գործադրել հնարավոր բոլոր ջանքերը համատեղ ուժերով առկա խնդիրները լուծելու համար: Մենք վերանայում ենք մեր՝ բարեփոխումների առաջիկա 5 տարիների ծրագրերը՝ դրանք հնարավորինս համապատասխանեցնելով ՀՀ Կառավարության որդեգրած ռազմավարություններին»:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև համագործակցության շրջանակի ընդլայնմանը և նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

 

  • Կիսվել: