Կենտրոն վարչական շրջանում տեղի ունեցավ արդիականացված սպասարկման սրահի պաշտոնական բացման արարողությունը
Ս.թ.ապրիլի 20-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում տեղի ունեցավ արդիականացված սպասարկման սրահի պաշտոնական բացման արարողությունը, որը Երևանի վարչական շրջաններում առաջինն է բազմաֆունկցիոնալությամբ և նորագույն լուծումներով։
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Դավիթ Համբարյանը, Եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժ/պ Արման Ջհանգիրյանը, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, ավագանու անդամներ, հյուրեր, բնակիչներ:
Նման սպասասրահի անհրաժեշտությունն ու սպասարկման որակի փոփոխությունը վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանի խոսքով, կարևոր և անհրաժեշտ քայլ էր, որի արդյունքը գոհացնում է և' բնակիչներին, և' նպաստում է աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:
ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՆՈՐԱԲԱՑ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՍՐԱՀԻ ՄԱՍԻՆ
Վարչական շրջանի բնակիչների համար հատուկ համակարգով սկսել է աշխատել նոր ժամանակակից բազմաֆունկցիոնալ սպասարկումների սրահը:
Առանձնացված և վերանորոգված սպասարկումների սրահում արագ և առանց լրացուցիչ ծանրաբեռնվածության` Եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից կատարվում է հարկերի և վճարների ընդունում,
Առևտրի և ծառայությունների բաժնի կողմից՝ թույլտվությունների տրամադրում, Ընդհանուր բաժնի կողմից՝ խորհրդատվություն և դիմումների ընդունում և այլն:
Նորաբաց սրահում ներդրվել է նոր հերթի համակարգ, որտեղ կարելի է նախապես գրանցվել նաև earlyone հավելվածով: Սրահում գործող հերթագրման էլեկտրոնային համակարգը թույլ է տալիս քաղաքացիների սպասարկումը իրականացնել քաղաքակիրթ կերպով` արագ և կանոնակարգված՝ ազատելով քաղաքացիներին սենյակից սենյակ մտնելու անհրաժեշտությունից։
Սրահի կառուցվածքային փոփոխության արդյունքում ավելացվել են բնակիչներին սպասարկող պատուհանները: Քաղաքացիները կարող են կատարել անշարժ գույքի, իրավաբանական և ֆիզիկակական անձանց կողմից կատարվող փոխադրամիջոցների գույքահարկի և այլ վճարումներ։ Իրականացվում է նաև թույլտվությունների տրամադրման, դիմումների պատրաստման հարցերի հետ կապված խորհրդատվություն։
Նույն սրահում տեղադրված են նաև վճարային տերմինալներ, որոնք թույլ են տալիս առանց շենքից դուրս գալու` տեղում կատարել վերոնշյալ վճարումները: