«Շատ արդյունավետ երկխոսություն». Քուշները՝ Պուտինի հետ բանակցությունների մասին
Վաշինգտոնը մոտ ժամանակում ակնկալում է վերադառնալ Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունների ձևաչափին՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջարեդ Քուշները , տեղեկացնում է «Европейская правда»-ն։
«Մենք արդեն շփվել ենք երկու կողմերի հետ, ուստի հույս ունենք, որ շատ շուտով առաջընթացի կհասնենք»՝ եռակողմ ձևաչափին վերադառնալու հարցում»,-լրագրողներին է ասել Քուշները։
Նա հայտնել է, որ Պուտինի հետ հանդիպման ժամանակ ամերիկյան կողմը քննարկել է «բազմաթիվ գաղափարներ, որոնք մինչև այժմ չեն աշխատել», ինչպես նաև փորձել է պարզել, թե ինչ բաղադրիչներ են անհրաժեշտ ամուր խաղաղության հասնելու համար և ինչ օգուտներ կարող էին ստանալ Ռուսաստանը, Ուկրաինան և այլ երկրներ նման համաձայնությունից։
«Սա շատ արդյունավետ երկխոսություն էր», — հայտարարել է Քուշները՝ հավելելով, որ Ուիթքոֆի հետ միասին իրենք առաջադրել են մի շարք նոր գաղափարներ, որոնք, նրա կարծիքով, կարող են օգնել բանակցային գործընթացին։
Քուշները նաև հիշեցրել է, որ ամերիկացի ներկայացուցիչները մոտ վեց ամիս չէին այցելել այս տարածաշրջան։ Ըստ նրա, Վաշինգտոնը ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն խոստացել էր, որ Ռուսաստան հաջորդ այցից հետո ԱՄՆ ներկայացուցիչները կայցելեն նաև Ուկրաինա։
Սեպտեմբերի 6-ին Ուիթքոֆը և Քուշները Կիևում բանակցություններ են անցկացրել Զելենսկու, ուկրաինական պատվիրակության, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հետ։ Ըստ Զելենսկու, օրվա ընթացքում տեղի է ունեցել բանակցությունների երեք փուլ, որոնց ընթացքում քննարկվել են պատերազմի ավարտի հնարավոր պարամետրերը և Ուկրաինային կարճաժամկետ աջակցությունը։ Կողմերը նաև պայմանավորվել են շարունակել հանդիպումները նմանատիպ ձևաչափով։



