ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 31-ը

Կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 31-ը

Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու գործընթացը շարունակական դարձնելու նպատակով՝ կառավարությունն ընդունել է որոշում։ Միջոցառման իրականացման նախորդ ժամանակահատվածի արդյունքներից ելնելով նպատակահարմար է գտնվել անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառման գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը:

Ըստ հիմնավորման, ծրագրի մեկնարկի՝ 2022 թ. հուլիսի համեմատ 2023 թ. ապրիլին գործարքների թիվն ավելացել է 4.8 անգամ, ծավալները՝ 7.8 անգամ: Միջոցառման շահառուների թիվը 2022 թ. միջին ամսականը կազմել է 44031, իսկ 2023 թ. ապրիլին՝ 107926: 1 շահառուի գծով հաշվարկված հետվճարի (առանց եկամտային հարկի) միջին ամսականը 2022 թ. կազմել է 2915 դրամ, իսկ 2023 թ. ապրիլին՝ 3281 դրամ: 2023 թ. հունվար-ապրիլ ամիսների հետվճարի գծով ծախսերը կազմել է 1.2 մլրդ դրամ։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը՝ նշելով, որ այն հայեցակարգային առումով ռազմավարական նշանակություն ունի:

«Բազմիցս եմ խոսել այն մասին, որ, երբ մի որոշում կայացնում ենք, պետք է որպես որոշման նպատակային թիրախ դիտարկենք ոչ միայն այն վերնագրի բովանդակությունը, որով ընդունում ենք, այլև պետք է աշխատենք այնպես անել, որ մեր որոշումները նաև հարակից դրական արդյունքներ ունենան: Սա այդ որոշումներից մեկն է: Առաջինը՝ սոցիալական շատ կոնկրետ ազդեցություն է ունենում: Մենք ասում ենք, որ նախորդ տարի կենսաթոշակները հանրապետությունում բարձրացրել ենք 2 անգամ, բայց ես համարում եմ, որ բարձրացրել ենք 3 անգամ՝ գումարած նաև այս արդյունքը»,- ասել է վարչապետը՝ հիշեցնելով, որ կենսաթոշակները ևս մեկ անգամ պետք է բարձրացվեն հուլիսի 1-ից:

Որոշման ընդունումը կառավարության ղեկավարը կարևորել է նաև կանխիկի շրջանառության կրճատման քաղաքականության համատեքստում.

«Ես ուզում եմ, որ այդ քաղաքականության դերը մեր տնտեսական դինամիկայի հարցում ընդհանարապես չթերագնահատենք: Իհարկե, մեր հարգելի թոշակառուներն այս հարցում հույս ունեմ, որ կշարունակեն մեզ օգնել: Չնայած, պետք է նաև ընդգծել, որ 595 հազար թոշակառուներից և նպաստառուներից առայժմ այս միջոցառումից օգտվում է 114 հազարը: Այսինքն՝ այստեղ էլ շատ մեծ ներուժ կա, որը պետք է օգտագործենք, իսկ դրա համար չափազանց կարևոր է, որ Կենտրոնական բանկի և ՊԵԿ-ի մեր գործընկերները շարունակեն հետևողական աշխատանքն անկանխիկ վճարումների համակարգն ընդլայնելու ուղղությամբ: Ճիշտ է՝ այս ընթացքում, նախորդ տարվա հուլիսից այս կողմ հանրապետությունում պոստերմինալներով հաշվիչ մեքենաների թիվը կրկնապատկվել է, բայց դա դեռևս մենք լիարժեք արդյունք համարել չենք կարող»:

Վարչապետը տեղեկացրել է, որ մտադրված են միջոցառումը ոչ թե մինչև տարվա վերջ շարունակել, այլ՝ ընդմիշտ իրականացնել.

«Այսինքն՝ այլ բան, թե ֆինանսավորման ինչպիսի բանաձևերով, բայց այս մեխանիզմը անընդհատ պետք է իրականացնենք: Ընդ որում, հնարավոր է նաև բարդ որոշումների գնանք: Ասենք՝ հետագայում մենք կենսաթոշակների ավելացումը գուցե ինչ-որ բանաձևերով իրականացնենք միայն անկանխիկ տրամաբանությամբ, կամ ավելացումների հատվածն իրականացնենք անկանխիկ տրամաբանությամբ՝ ավելի խորացնելով կանխիկի շրջանառության կրճատման մեր քաղաքականությունը»:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այն բոլոր բանկերին, ովքեր այս ընթացքում գործընկերային դիրքորոշում են արտահայտել և մասնակցել ծրագրին: Այս պահին ծրագրի գործընկեր բանկերն են՝ ՎՏԲ Հայաստան բանկ, Արդշինբանկ, Հայբիզնեսբանկ, Ակբա։

«Անկեղծ ասած լավ չեմ հասկանում այն մյուս բանկերին, ովքեր այս սոցիալական պատասխանատվության թեմայից խուսափում են: Ընդ որում, այստեղ էլ բացարձակապես անհասկանալի է դա ինձ համար՝ ինչքան էլ ամենատարբեր բացատրություններ լինեն: Ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ մենք մեր քաղաքականությունները մշակելիս նաև ընկերությունների մասնակցությունը կառավարության սոցիալական ծրագրերին պետք է անպայման հաշվի առնենք»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը մեկ անգամ ևս հորդորել է կենսաթոշակառուներին օգնել կառավարությանն այդ հարցում, քանի որ կանխիկի շրջանառության կրճատման հաջորդ հարակից արդյունքներից են ստվերի կրճատումը, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը և այլն:

Անդրադառնալով կենսաթոշակները 3 հազար դրամներով բարձրացնելու հարցին՝ վարչապետը նշել է.

«Ուրիշ բան է 595 հազար մարդու համար նախատեսված գումարը բարձրացնել, ուրիշ բան՝ 1000 մարդու համար: Ընդ որում, թոշակը բարձրացնելուց կառավարությունը պետք է հաշվարկի այնպես, որ ինքն այլևս հավերժ, առնվազն այդքան թոշակ պետք է տա: Այսինքն՝ դա ծախս է, որից այլևս երբեք կառավարությունը, ըստ էության, չի կարող հրաժարվել»:

  • Կիսվել: