կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Հռոմի պապը կոչ է արել պատերազմներին ու պառակտմանը հակադրել երկխոսությունն ու խաղաղությունը

Հռոմի պապը կոչ է արել պատերազմներին ու պառակտմանը հակադրել երկխոսությունն ու խաղաղությունը

Հռոմի պապ Լևոն XIV-ը շաբաթ օրը հանդես է եկել մինչ այժմ պատերազմի, հասարակական պառակտման և քաղաքական բևեռացման դեմ ուղղված իր ամենակոշտ կոչերից մեկով։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Սան Մարինո կատարած այցի և Իտալիայի Ռիմինի քաղաքում տասնյակ հազարավոր կաթոլիկների առջև ունեցած ելույթի ընթացքում պոնտիֆիկոսը հավատացյալներին կոչ է արել հակամարտություններին պատասխանել երկխոսությամբ, բարեկամությամբ և խաղաղության ձգտմամբ։

Ռիմինիում Լևոն XIV-ը նախազգուշացրել է մի մշակույթի տարածման մասին, որը «վերազինում է մտքերը, խոսքերը և ազգերը»։ Նրա խոսքով՝ քրիստոնյաները պետք է հակազդեն այդ միտմանը՝ ողորմածությամբ, մարդկանց հետ շփմամբ և երկխոսության պատրաստակամությամբ։

«Չի կարող լինել թշնամիներ»,– հայտարարել է Հռոմի պապը՝ ընդգծելով, որ անգամ հակառակորդին պետք է ընկալել որպես մարդու, որի հետ անհրաժեշտ է հանդիպել և զրուցել։

Պոնտիֆիկոսը նաև կոչ է արել պայքարել անարդար իշխանական կառույցների դեմ, որոնք, նրա խոսքով, ընկած են աղքատության, անհավասարության, պատերազմների և բնապահպանական աղետների հիմքում։ Նա կոչ է արել աշխատանքն ազատել «շահույթի կռապաշտությունից» և թույլ չտալ տեխնոլոգիաների կործանարար կիրառումը։

Լևոն XIV-ն իր ելույթի զգալի մասը նվիրել է երիտասարդությանը՝ երիտասարդ կաթոլիկներին անվանելով հույսի աղբյուր։ «Մի՛ վախեցեք ամբողջությամբ նվիրվել»,– կոչ է արել նա՝ հավելելով, որ երիտասարդությունը «նշան է այն բանի, որ ապագան խոստումնալից է, այլ ոչ թե սպառնալիք»։

Ավելի վաղ Սան Մարինոյում պապը խոսել էր ազատության, փոխադարձ հարգանքի և հասարակական համերաշխության նշանակության մասին։ Նա փոքր հանրապետությունն անվանել էր «լավ քաղաքականության լաբորատորիա», որը կարող է հասարակական ծառայության և համախմբվածության դասեր տալ աճող անվստահության և պառակտման պայմաններում։

Լևոն XIV-ը նաև նշել է, որ ժամանակակից աշխարհը «բազմաթիվ հակամարտություններից վիրավորված է», և քրիստոնյաներին կոչ է արել բռնությանն ու միմյանց նկատմամբ վախին պատասխանել ներողամտությամբ, համերաշխությամբ և առավել խոցելի մարդկանց հանդեպ հոգատարությամբ։

  • Կիսվել: