Ադրբեջանն ու Ուզբեկստանը «Հավերժական բարեկամության» պայմանագիր են կնքել
Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահներ Իլհամ Ալիևն ու Շավքաթ Միրզիյոևը ստորագրել են «Հավերժական բարեկամության մասին» պայմանագիր։ Ըստ փաստաթղթի՝ երկու երկրների հարաբերությունները հիմնվելու են փոխադարձ վստահության, ռազմավարական գործընկերության և դաշնակցության սկզբունքների վրա։
Պայմանագրի առանցքային կետերից մեկով կողմերը պարտավորվում են չմասնակցել այնպիսի բլոկների և դաշինքների, որոնք վնաս կհասցնեն միմյանց ինքնիշխանությանը, անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը։ Երկու պետություններն էլ բացառել են իրենց տարածքների օգտագործումը երրորդ երկրների կողմից՝ միմյանց դեմ գործողությունների համար։
Բացի անվտանգային հարցերից, համաձայնագիրը նախատեսում է ընդլայնել համատեղ նախագծերը առևտրի, ներդրումների, էներգետիկայի, տրանսպորտի ու լոգիստիկայի, ինչպես նաև տիեզերական տեխնոլոգիաների ոլորտներում։ Միաժամանակ, պայմանավորվածություն է ձեռք բերվել մեծացնել տրանսպորտային միջանցքների տարանցիկ ներուժը և նպաստել ադրբեջաներենի ու ուզբեկերենի փոխադարձ ուսուցմանը։



