երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Կենդանաբանական այգին տեղափոխելու շուրջ քննարկումներ չեն եղել. այգու տնօրենի պաշտոնակատար

Կենդանաբանական այգին տեղափոխելու շուրջ քննարկումներ չեն եղել. այգու տնօրենի պաշտոնակատար

Կենդանաբանական այգին տեղափոխելու ծրագրի մասին ես էլ եմ լսել լրատվամիջոցներից, քննարկում չի եղել, ենթադրում եմ՝ ընդհանուր քաղաքի էկոլոգիական զարգացման ծրագրի համատեքստում է հայտարարվել: Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին լրագրողների հետ զրույցում նշեց կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար Աշոտ Ասլանյանը՝ անդրադառնալով Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի հայտարարությանը, թե Երևանում՝ «Երևան պարկին» հարակից 157 հա տարածքում կկառուցվի նոր կենդանաբանական այգի, որտեղ կլինի կանաչ գոտի և անտառ կտնկվի:

«Չեմ կարող ասել, թե ինչքանով է դա ձեւավորված ծրագիր է, թե՞ մտադրություն է, որն ընթացքում կարող է բազմապիսի փոփոխությունների ենթարկվել:

Այգին ունի նաեւ կառավարման խորհուրդ, կառավարման խորհրդում էլ այդպիսի հարց չի քննարկվել, ինչից ես ենթադրում եմ, որ այդպիսի հստակ ձեւակերպված ծրագիր չկա: Եթե լիներ, տեղյակ կպահեին, կքննարկեին: Դա նաեւ ֆինանսական մեր ներդրումներ է պահանջում, չեմ կարծում, որ դա կարող էր կատարվել հենց այնպես, ուղղակի միանգամից»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպիսին է իր կարծիքը կենդանաբանական այգին տեղափոխելու հարցում, Ասլանյանը պատասխանեց. «Ամբողջ աշխարհում կան նման իրադրություններ, երբ քաղաքն ընդլայնվում է եւ այգին մնում է քաղաքի տարածքում, եւ առաջանում է հարց՝ ինչպես ընդլայնել քաղաքի ներսում գտնվող այգին, արժի՞ այն տեղափոխել, թե ոչ: Աշխարհում կան շատ օրինակներ, Բեռլինի, Մոսկվայի, Պրահայի կենդանաբանական այգիները, որտեղ այգին որպես պատմամշակութային արժեք պահպանվում է, փոխարենը որպեսզի կենդանիների համար ապահովեն մեծ ազատավանդակներ, քաղաքին հարակից բացվում են «սաֆարի պարկերի» նման տարածքներ, որտեղ տեղափոխվում են խոշոր կենդանիները, որոնք կարիք ունեն ազատավանդակների: Այսինքն մի լուծումը մյուսին չի բացառում: Կարելի է գտնել փոխզիջումային որոշումներ եւ հարցը չդնել տեղափոխել-չտեղափոխելու ձեւով:

Երբ հարցը կհասնի այնտեղ, որ կարիք կլինի կազմել ծրագիր, մենք կներկայացնենք մեր մոտեցումները, կգտնվի օպտիմալ լուծում»:

Ինչ վերաբերում է գործող կենդանաբանական այգու պայմաններին, տնօրենի պաշտոնակատարը նշեց. «Կենդանաբանական այգու տարածքը այս պահին 35 հեկտարից մի փոքր ավելի է, կենդանիներով զբաղեցրած տարածքը 25 հեկտարն է զբաղեցնում, այսինքն այս պահին դեռ ունենք այգում զարգացնելու, կենդանիների համար համապատասխան պայմաններ ապահովելու հնարավորություն: Հաջորդ փուլով, երբ խոսքը կվերաբերի խոշոր կենդանիներին, որոնք կարիք ունեն մեծ տարածքների կարելի է քննարկել կոմպրոմիսային տարբերակը:

Այս պահին այգին տարածքի խնդիր չունի, ունի շենքերի եւ կոմունիկացիաների վերանորոգման խնդիրներ»:

Հիշեցնենք, որ Երևանի կենդանաբանական այգին կառուցվել է 1950 թվականին։ 2019 թվականի սկզբին կենդանաբանական այգին ուներ 125 տեսակի 720 կենդանի։

  • Կիսվել: