Կայացավ Պոլիտեխնիկի 92-րդ սերնդի շրջանավարտների ավարտական երեկոն
Պոլիտեխնիկն այսօր հանդիսավոր կերպով մեծ կյանք ճանապարհեց իր 92-րդ սերնդի 935 շրջանավարտներին:
Շքեղ ավարտական երեկոյի բացումն ազդարարվեց ՀՀ պետական օրհներգով, որից հետո հնչեց «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հիմնը:
Միջոցառումն իրենց ներկայցությամբ պատվել էին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ներկայացուցիչներ նախարարություններից, բուհի անվանի ու հաջողակ շրջանավարտները, բարերարներն ու գործընկերները: Հատուկ հյուրերն էին Պոլիտեխնիկի բարեկամներ, մեծանուն կոմպոզիտոր, ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանն ու ժողովրդական նկարիչ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միության անդամ Հրանտ Թադևոսյանը:
Պոլիտեխնիկը, որպես երկրի առաջատար տեխնոլոգիական կրթօջախ, նշանակալի ներդրում է ունեցել գիտության, տեխնոլոգիաների, տնտեսության զարգացման գործում, և այս ամենն իրենց խոսքում փաստեցին ներկաները՝ շնորհավորելով սիրելի բուհին և շրջանավարտներին հանձնելով ավարտական վկայականները:
«Դուք այն սերունդն եք, որն ականատեսն է եղել Պոլիտեխնիկական համալսարանի ամենամյա փոփոխության: Երբ դուք ընդունվել էիք, այդ ուստարվա վերջին մենք իրականացրել էինք մեր առաջին այս տեսակ միջոցառումը: Պոլիտեխնիկական համալսարանը վերջին 4 տարիների ընթացքում էական փոփոխություն է կրել և՛ ձևի, և՛ բովանդակության առումով: Մենք տեսնում ենք, թե ինչ արագ տեմպերով է փոխվում համալսարանը»,-իր շնորհավորական ուղերձում ասաց Երևանի քաղաքապետ, Պոլիտեխնիկի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը:
Նա ընդգծեց, որ այսօր բուհի շրջանավարտն այն մարդն է, որը կարող է իր գիտելիքը վերածել արդյունքի:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համասարանի ռեկտոր Գոռ Վարդանյանն էլ նշեց, որ Տերյան և Կորյուն փողոցների խաչմերուկն արդեն տարիներ շարունակ համարվում է տեխնոլոգիական կրթության լուսավոր կենտրոնատեղի:
Դիմելով շրջանավարտներին՝ նա ասաց. «Մենք այսօր ճանապարհ ենք դնում ձեզ՝ 935 բարձրագույն տեխնոլոգիական կրություն ստացած շրջանավարտի՝ անձանց, ովքեր իրենց ձեռքը պետք է վեցնեն ՀՀ տեխնոլոգիական կրության, գիտության ապագան. մենք հավատում ենք ձեզ»:

Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև ԿԳՄՍՆ տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նա մեծապես կարևորեց Պոլիտեխնիկի դերը ՀՀ կրթության համակարգում, ինչպես նաև երկրի զարգացման և տեխնոլոգիական առաջընթացի հարցում:
«Պոլիտեխնիկն այն եզակի կրթական հաստատություններից է, որտեղ անգամ կարճ ժամանակով ուսանածը կամ դասավանդած, աշխատած մեկը իրեն հպարտությամբ ասոցացնում է այդ կրթական հաստատության հետ և իրեն համարում է պոլիտեխնիկցի»,-նշեց Մարտիրոսյանը:
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանն էլ, որպես Պոլիտեխնիկի գերազանց շրջանավարտ, հանդես եկավ մոտիվացիոն խոսքով՝ ներկայացնելով հաջողության իր օրինակը և հաստատելով այն, որ Պոլիտեխնիկից սկսված ճանապարհը կարող է տանել մեծ բարձունքների:

«Այսօր մեր համայնքն իսկապես հարստացավ. ևս 935 հոգի համալրեց մեր բանակը, շնորհավորում եմ մեզ բոլորիս: Ես հանդես եմ գալիս որպես շրջանավարտ, բայց նաև ներկայացնում եմ մեծ կազմակերպություն՝ ԶՊՄԿ-ն, և մի ոլորտ՝ հանքարդյունաբերությունը: Գաղտնիք չէ, որ այս ոլորտն այսօր Հայաստանի շարժիչ ուժ է: Հատկանշանակ է, որ հենց այս բուհն է տրամադրում որակյալ կադրեր մեր ոլորտին: Կա կարծրատիպային մտածելակերպ, որ Պոլիտեխնիկի շատ մասնագիտություններ ոչ պոպուլյար են, ոչ մոդայիկ, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ հենց այստեղի կադրերի մեծ պահանջ կա ոչ միայն ՀՀ-ում, այլև արտասահմանում: Միայն ԶՊՄԿ-ում աշխատում են մեր սիրելի բուհի 600-ից ավելի շրջանավարտներ: Ես վստահեցնում եմ, որ առաջին հայացքից ոչ մոդայիկ համարվող մասնագիտություններն իսկապես ունեն մեծ պահանջարկ, և մենք իսկապես անհամբեր սպասում ենք ձեզ մեր գործընկերների կարգավիճակում»,-իր խոսքն ուղղելով շրջանավարտներին՝ նշեց Արմեն Ստեփանյանը:
Շնորհավորական ուղերձներով հանդես եկան նաև ԲՏԱՆ տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը և այլք:

Նշենք նաև, որ հանդիսավոր միջոցառումն ուղեկցվում էր «Արմ Սթրոնգ» նվագախմբի կատարումներով, իսկ ավարտին տեղի ունեցավ մեծ, տոնական համերգ:

Տեսանյութը՝ այստեղ:


