հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կարմրուկով առաջին դեպքը Հայաստան է ներթափանցել արտերկրից. Անահիտ Ավանեսյան

Կարմրուկով առաջին դեպքը Հայաստան է ներթափանցել արտերկրից. Անահիտ Ավանեսյան

Կարմրուկի կանխարգելման ամենագործուն միջոցը պատվաստումն է: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ Հայաստանում ախտորոշված կարմրուկով 20 պացիենտներից 19-ը գտնվում են հիվանդանոցում, մեկն արդեն դուրս է գրվել։ Պացիենտներից 15-ը երեխաներ են։ Նրանք բոլորը չեն պատվաստվել։ 

Նրա խոսքով՝ եվրոպական տարածաշրջանում, ԱՀԿ տվյալներով, արդեն 2022 թվականից նկատվում է հիվանդության ակտիվացում, եւ վարակի ներմուծումը Հայաստան մասնագետների համար կանխատեսելի էր։ Առաջին դեպքը ներմուծված էր։ Բոլոր դեպքերն արձանագրվել են Երեւանում, մարզերում դեռեւս կարմրուկի դեպքեր չկան։ 

Նախարարը նշել է, որ կարմրուկի դեմ արդյունավետ պայքարի համար կարեւոր տարրեր են արագ ախտորոշումը, շփման մեջ գտնվող անձանց շրջանակի որոշումը եւ նրանց պատվաստումը 72 ժամվա ընթացքում: 

«Ազգային օրացույցով սահմանված է իրականացնել պատվաստում 2 դեղաչափով, առաջինը՝ 1 տարեկան երեխաներին, երկրորդ դեղաչափն իրականացվում է 4-6 տարեկանում: Երկու դեղաչափով պատվաստված լինելու պարագայում վարակման հավանականությունը գրեթե բացառվում է: Առանձնահատուկ հորդորում ենք այն ընտանիքներին, որտեղ կան պատվաստման տարիքին հասած երեխաներ, անպայման պատվաստվեն, որովհետև դրանով նրանք պաշտպանում են նաև իրենց փոքր քույրիկ-եղբայրներին»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարը հավելել է, որ այս պահին համաճարակաբանական որեւէ սահմանափակող միջոցների կարիք չկա։ Մենք առայժմ գործ ունենք հիվանդության ոչ մեծ բռնկման հետ, համաճարակի կամ համաճարակի վտանգի մասին առայժմ խոսք չկա։ 

Նա հավելել է, որ կարմրուկը մարդկությանը վաղուց հայտնի հիվանդություն է, եւ դրա դեմ պայքարի մեթոդները նույնպես հայտնի են: Հայաստանում հիվանդության վերջին բռնկումը, համընդհանուր պատվաստումների շնորհիվ, եղել է 2006-2007 թվականներին, եւ այժմ հիվանդությունը համավարակի չի վերածվում երեխաների 95 տոկոսանոց պատվաստումների շնորհիվ։ 

Նա հավելել է, որ բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են պատվաստանյութերով, իսկ պատվաստումների գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու համար կստեղծվեն նաեւ շարժական կենտրոններ:

 

  • Կիսվել: